Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ամերիկացի բանակցողները շարունակում են կապեր պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ, սակայն այս պահի դրությամբ միջնորդական ջանքերը «դադարի մեջ» են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական ուղղությամբ միջնորդական գործընթացը ներկայում դադարի մեջ է։ Այնուամենայնիվ, ամերիկացի բանակցողները շարունակում են կապերը։ Կապերը շարունակվում են մեզ հետ՝ առկա ուղիներով, ինչպես նաև ուկրաինացիների հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Պեսկովը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է արագ կազմակերպվել, սակայն այն ներկայում օրակարգում չէ։ Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի միջև յուրաքանչյուր հեռախոսազրույց «պետք է լավ պատրաստված լինի»։
Կրեմլի խոսնակին նաև հարց են ուղղել ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը դեռևս տեղեկատվություն չի տրամադրել Մոսկվային այդ մասին, քանի որ զրույցը քիչ առաջ է տեղի ունեցել։
Նա հավելել է, որ Ուիթքոֆը և Քուշները կտեղեկացնեն Ռուսաստանին Զելենսկու հետ իրենց զրույցի արդյունքի մասին, եթե դրա ընթացքում եղել է բովանդակային ինչ-որ բան, նոր ինչ-որ բան, որի փոխանցման անհրաժեշտությունը կա։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայում ուրախ կլինեն ընդունել Ուիթքոֆին և Քուշներին, սակայն Ռուսաստան նրանց այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս պարզ չէ։
Ինչ վերաբերում է եվրոպացիների միջնորդության հնարավորությանը, Պեսկովը պնդել է, որ եվրոպացիները շատ ավելի «կենտրոնացած են պատերազմի շարունակման վրա, քան խաղաղության բանակցությունների»։\


