Ոչ մի տեղ չեմ վերադառնալու, 10 տարի աշխատելու եմ Հայաստանում. այսօր կտեսնեք. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը քվեարկեց Երևանի 3/27 ընտրատեղամասում հանուն համախմբված ու միավորված Հայաստանի։ Այդ մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Ընտրատեղամասից դուրս գալուց Սամվել Կարապետյանին բուռն ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին իր աջակիցները։ Նա վստահություն հայտնեց, որ հաղթելու է այս ընտրություններում և 10 տարի աշխատելու է Հայաստանում։ Այդ մասին նա ասաց ռուսաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վերադառնալ Ռուսաստան։
«Ես ոչ մի տեղ չեմ վերադառնալու։ Ես 10 տարի աշխատելու եմ Հայաստանում։ Դուք այսօր կտեսնեք՝ մեր համոզմունքն ինչի վրա է հիմնված։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, միավորված, հանուն… էն մյուս բառը չեմ ուզում ասել, շատ վտանգավոր բառ է, բայց, համենայն դեպս, մենք բոլորս պետք է համախմբենք մեր ժողովրդին ու մեր երկիրը, պետք է համախմբենք սփյուռքին մեր հայրենիքի հետ։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Սամվել Կարապետյանը։

