Իռլանդիան արգելել է իսրայելցի արմատական նախարար Բեն-Գվիրի մուտքը երկիր
Իռլանդիան հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի մուտքը երկիր արգելելու մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Այս որոշման պատճառ են դարձել նրանց հակապաղեստինյան հայտարարությունները և «Գազայի նավատորմի» ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքը։
Իռլանդիայի արդարադատության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի՝ գերատեսչության ղեկավար Ջիմ Օ’Քալագանը ներգաղթի ծառայության աշխատակիցներին հանձնարարել է մերժել Բեն-Գվիրի և Սմոտրիչի մուտքը՝ պետության սահմանը հատելու փորձի դեպքում։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Բեն-Գվիրը հրապարակայնորեն ծաղրել է անցյալ ամիս Իսրայելի ձերբազատված «Գազայի նավատորմի» մասնակիցներին։ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինը Չեռնոգորիայում ընթացող գագաթնաժողովի ժամանակ լրագրողներին պարզաբանել է, որ Դուբլինը մտադիր է սահմանափակել այն իսրայելցի պաշտոնյաների մուտքը, որոնց գործողությունները հանգեցնում են հակամարտության բորբոքմանը։
Մարտինի խոսքով՝ երկու ծայրահեղ աջ նախարարների պարբերական հռետորաբանությունն ու վարքագիծը, ներառյալ նավատորմին առնչվող միջադեպը, փաստացիորեն ցույց են տալիս իրենց հողերից պաղեստինցիների լիակատար արտաքսմանը հասնելու նրանց ձգտումը։ Վարչապետն ընդգծել է նաև, որ նման գործողությունները, իր կարծիքով, արժանի են համաեվրոպական մակարդակով իսրայելցի նախարարների դեմ պատժամիջոցների սահմանմանը։



