ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանը 2025 թվականին ձեռքբերում է ունեցել․ շուրջ 8 միլիոն դրամով գնել է մեքենա
Խալխի ցենտերը հաշվող իշխանական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որի քաղաքական կենսագրությունը սկսվում և ավարտվում է ՔՊ-ով, 2025 թվականը փակել է 13,267,908 դրամ եկամուտով, 2024 թվականի արտադրության նոր մեքենայով։ Այս մասին պատգամավորը նշել է օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում, որի մասին՝ առավել մանրամասն։
Այսպես, ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է Փարաքար համայնքում 2023 թվականի մարտի գնած հողամաս, որը տնօրինում է միանձնյա, ինչպես նաև՝ 2021 թվականին գնած բնակարան՝ Աբովյան քաղաքում, որը տնօրինում է համատեղ սփականության իրավունքով։
2025 թվականը պատգամավորի համար բարեբեր է եղել․ նա շուրջ 8 միլիոն դրամով (7,900,000) J CARS-ից գնել է 2024 թվականի արտադրության BYD մակնիշի մեքենա։
Ջուլիետա Ազարյանի բանկային երկու հաշիվների մնացորդները տարեսկզբին մի դեպքում կազմել է 181,675 դրամ, մեկ այլ դեպքում՝ 1,628,447 դրամ, իսկ տարեվերջին՝ 105,138 դրամ և 4,552,323 դրամ, կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 678 հազար դրամ և 6,500 դոլար, իսկ տարեվերջին՝ 1 100 000 դրամ և 8,000 դոլար։
Հաշվետու տարվա՝ 13,267,908 դրամ եկամուտն էլ, ըստ հայտարարատուի, գոյացել է Ֆիննախից ստացած 1,014,765 դրամ եկամտային հարկի վերադարձից և ԱԺ-ից ստացած 12,253,143 դրամ աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից։
ՔՊ-ականը նաև նշել է ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի՝ 20,640,670 դրամ մնացորդի մասին՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, որից 13,015,899 դրամի դեպքում հիփոթեքի առարկա է նշվել բնակարան։
Հիշեցնենք՝ այս պատգամավորուհին 2016թ. ավարտել է Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջը: Ներկայում սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում:
2013-2014թթ. կամավոր մասնակցել է «WORLD VISION ARMENIA»-ի աշխատանքներին:
2015թ. եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գովազդի գլխավոր պատասխանատու, վաճառքի մասնագետ:
2018թ. աշխատել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչ:
2020թ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման և արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումների կազմակերպիչ: 2021-
2022թթ.՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման» վարչության ներդրումային ծրագրերի համակարգող:
2022-2024թթ.՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
2024թ. դեկտեմբերի 19-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:



