ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել անօրինական միգրանտների վերադարձի նոր կանոնակարգի շուրջ
ԵՄ խորհուրդը հունիսի 1-ի երեկոյան հայտարարել է, որ Եվրախորհրդարանի հետ նախնական համաձայնության է եկել նոր կանոնակարգի շուրջ, որը սահմանում է անդամ երկրներում անօրինականորեն գտնվող երրորդ երկրի քաղաքացիների վերադարձի կարգը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
«Նոր կանոնակարգը կարագացնի վերադարձի գործընթացը և կավելացնի այն վերադարձողների թիվը, որոնք ԵՄ-ում գտնվելու օրինական իրավունք չունեն։ Միգրացիան Կիպրոսի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այսօրվա նշանակալի համաձայնագիրն ամրապնդում է վստահությունը ԵՄ միգրացիոն քաղաքականության նկատմամբ և լրացնում միգրացիայի և ապաստան տրամադրելու շուրջ ԵՄ պակտը՝ միշտ մարդու իրավունքներին համապատասխան», – հայտարարել է ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի միգրացիայի և միջազգային պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոլաս Իոանիդեսը։
Սպասվում է, որ նոր օրենքը թույլ կտա արագացնել և բարձրացնել ԵՄ անդամ պետություններում անօրինականորեն գտնվող անձանց վերադարձի համաեվրոպական ընթացակարգերի արդյունավետությունը։
Ինչպես ԵՄ խորհուրդը բացատրում է հաղորդագրության մեջ, այն դեպքերում, երբ ազգային օրենսդրությունը թույլ է տալիս, անդամ պետությունները կարող են կիրառել քրեական պատժամիջոցներ, այդ թվում՝ բանտարկություն:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս նախնական համաձայնագիրն այժմ պետք է հավանություն ստանա ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից։ Այնուհետև այն պաշտոնապես կհաստատվի Եվրամիության երկու ինստիտուտների կողմից։



