Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծննդյան 80–ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանի։ Հեռագիրը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և լայնածավալ հասարակական և բարեգործական աշխատանքը, որին դուք նվիրում եք ձեր էներգիան ու ուժը, արժանի են հատուկ հարգանքի»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռոքսանա Բաբայանը վայելում է երկրպագուների սերն ու ճանաչումը տաղանդի, վառ ստեղծագործական ուղու և ընտրած գործին հավատարմության շնորհիվ։
Նշենք, որ Ռոքսանա Բաբայանը խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։ Ծնվել է Տաշքենդում։ Հայրական կողմն Արցախից է՝ Շուշիից։
Նա Տաշքենդում բարձրագույն կրթություն ստանալուց հետո եկել է Երևան, երգել Կոնստանտին Օրբելյանի խմբում։
Դրեզդենի միջազգային փառատոնում իր «Անձրև» երգով հաղթանակը նրա կարիերայի կարևոր մեկնակետը դարձավ։ 70-ականների վերջերին Ռոքսանա Բաբայանը խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքում էր։
Բաբայանը գրեթե 40 տարի ամուսնացած է եղել դերասան Միխայիլ Դերժավինի հետ։



