Փաշինյանի գործերը լավ չեն… Մեծ խաղ է գնում… թուրքերը նորից կանգնած են Սարդարապատում. Վարդան Հակոբյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հունիսի 7-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին նորմալ երևույթ չէ դիվանագիտական կյանքում, սակայն նման դեպքեր միշտ էլ եղել են։ ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ Վարդան Հակոբյանն այսպես գնահատեց Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան այցի, աշխարհաքաղաքական գործընթացների ու Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների թեմայի շուրջ։
Դիվանագետի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը հերթական վկայությունն է այն բանի, որ «Փաշինյանի գործերը լավ չեն այս ընտրություններում», և փորձում են նմանատիպ հայտարարություններով պահպանել նրա իշխանությունը Հայաստանում՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից։
Վարդան Հակոբյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական «մեծ խաղ» է գնում ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան-Իրան-Չինաստան տիրույթում, որը ներառում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
«Տեսեք՝ ինչ հետաքրքիր խաղ է գնում։ Թրամփի այս հայտարարությունը հաստատում է, որ այդ միջանցքը ռազմավարական, աշխարհաքաղաքական տեսանկյունով է իրեն հետաքրքրում՝ որպես զուտ ճանապարհ Միջին Ասիա հասնելու համար։ Այստեղ մրցակցությունը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև է, և ռուսներն իրենց հայտարարություններում շեշտում են, որ սա իրենց շահերի տարածքն է, Միացյալ Նահանգներն էլ հիմա հայտարարում է, որ վերջապես սա կդառնա իրենց շահերի տարածքը, որովհետև մարդիկ մեծ ծրագիր ունեն՝ հասնել Միջին Ասիա և «բռնել» Չինաստանի որոշ տեղերից, և այս առումով ոչ թե Հայաստանի հետ ինչ-որ տնտեսական հարցեր լուծելն է կամ «նորից Հայաստանը հզոր դարձնելը», այլ ասում է՝ դուք էս պետք է լինեք և էս դերը պետք է խաղաք»,- մեկնաբանեց Վարդան Հակոբյանը։

Դիվանագետը Ռուբիոյի այցն ավելի շատ կապում է ԱՄՆ-Իրան հակամարտության հետ՝ նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու կողմն էլ այժմ ակնհայտորեն պատրաստվում են նոր գրոհի, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ պետքարտուղարը եկել էր որոշ ճշգրտումներ անելու և հնարավոր է՝ ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին «կոնֆիդենցիալ ինֆորմացիա» փոխանցելու նպատակով։ Դիվանագետի խոսքով՝ այստեղ լուրջ խաղ է գնում, և Միացյալ Նահանգները, Իրանն ու Ռուսաստանը «լուրջ հարցերով են զբաղված»։
«Հարավային Կովկասը դառնում է մրցակցության լուրջ դաշտ, և տոնածառի խաղալիքների նման Ռուբիոն, Թրամփն այդ տեսակ հայտարարություններ են անում՝ ամբոխին կառավարելու, ըստ էության՝ ընտրապայքար վարելու համար»,– նշում է դիվանագետը։

Վարդան Հակոբյանը համամիտ է ընդդիմադիր ուժերի այն տեսակետի հետ, որ առաջիկա ընտրությունները կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար։
Դիվանագետը ներկա իրավիճակը համեմատում է 1918-ի Սարդարապատի ճակատամարտի հետ։ Նրա խոսքով՝ 1918-ի մայիսյան հաղթանակներից և մայիս 28-ից՝ Հայաստանի Հանրապետության հռչակումից 108 տարի անց, փաստորեն, եկանք այն վիճակին, որ նորից Սարդարապատում թուրքերը կանգնած են։
Այս համատեքստում դիվանագետն իր կարծիքը հայտնեց նաև Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ։ «Ռեվյու»-ի հարցադրումն այս թեմայով հետևյալն էր։
Ադրբեջանը փաստացի վերջնագրերով է խոսում Հայաստանի հետ, և ինչպես Հայաստանի ներկա իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն են, ըստ էության, պարբերաբար փոխանցում Բաքվի դիրքորոշումները՝ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջներն ու չստորագրի «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթն Ադրբեջանի թելադրած պայմաններով, կամ Հայաստանում իշխանություն փոխվելու դեպքում նոր կառավարությունը փորձի վերանայել այն կամ գեթ մեկ ստորակետ փոխել այդ փաստաթղթում, հաջորդ օրն Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել ու հարձակվել Հայաստանի վրա։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ գործ ունենք ոչ թե խաղաղության գործընթացի, ոչ թե «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», այլ նոր պատերազմին պատրաստ լինելու կամ չլինելու երկընտրանքի հետ։
Հարցադրմանն ի պատասխան՝ Վարդան Հակոբյանը հղում է անում ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ ներկայումս նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներ են տեղի ունենում, և որոշումները կայացվելու են ավելի խոշոր տերությունների մակարդակում։
«Ադրբեջանն ո՞վ է, որ հարձակվի։ Ախր, քիչ առաջ հենց դա էինք ասում, որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը ոչինչ որոշող չեն։ Ցանկություններ ունեն, բայց նրանք չեն որոշում։ Այո, կարող է՝ խոսի, այսպես կոչված՝ «արևմտյան Ադրբեջանից», բայց ունի՞ այդ ուժն ու համարձակությունը, որ, օրինակ՝ Հայաստանին պատերազմ հայտարարի։ Չունի։ Ոչ միայն ռուսները դեմ կլինեն դրան, այլև Միացյալ Նահանգները։ Գուցե եվրոպացիները ձայն չհանեն։ Այստեղ տարբեր շահեր կան։ Ադրբեջանի ցանկացած քայլ խփում է այս կամ այն ուժային կենտրոնի շահերին։ Էս դեպքում կասեք՝ բա 2020-ին ինչպե՞ս համարձակվեց։ Համարձակվեց, որովհետև Միացյալ Նահանգներին ու Եվրոպային պետք էր, որ Ադրբեջանն Իրանի և Ռուսաստանի դեմ դառնա իր զորակիցը, և այդ խաղն իրականացվում էր Իսրայելի ու Թուրքիայի միջոցով։ Նորից հիշեցնեմ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալի խոսքերը, որ Ադրբեջանի այդ «հաղթանակը» պայմանավորված, պատվիրված հաղթանակ էր։
Ուզում եմ՝ մեր ժողովուրդը հասկանա, որ Ադրբեջանը չի հաղթել մեզ պատերազմում, որ քո զորքի մեծ մասը չի էլ կռվել Ադրբեջանում. Սիսիանում էին, զորակոչ անում էին, տանում էին Սիսիան։ Սա այդ նույն մեծ քաղաքական խաղի հետևանքներն էին։ Ադրբեջանը չէր կարող մեզ այդ պատերազմում հաղթել։ Բոլորն էլ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, գիտեն՝ փչացրած «Իսկանդերի» հրթիռն ինչպես է արձակվել, և այլն։ Հիմա Ձեզ դրեք Ալիևի տեղը, մտածեք՝ հնարավո՞ր է, որ նա համարձակվի՝ հենց Փաշինյանը չընտրվի, պատերազմ սկսել»,- պատասխանեց դիվանագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև այցով Երևան էր ժամանել մայիսի 26-ին։ Երևանում ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել էր ԹՐԻՓՓ-ի մասին շրջանակային համաձայնագիրը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և կարևորագույն հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման մասին հուշագիրը։ Ռուբիոյի՝ Վաշինգտոն վերադառնալուց և իր այցի մասին զեկուցելուց հետո՝ մայիսի 28-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել Truth Social սոցցանցի իր պաշտոնական էջում՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է իր աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում։
«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել էր Հայաստան, որտեղ նա երկկողմ կարևորություն ունեցող մի քանի կարևոր գործարք է ստորագրել։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի, որը կփոխակերպի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։ Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Դարձնենք (Հայաստանը) հզոր կրկին-MAGA»,- մասնավորապես գրել է Թրամփը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



