Բոլիվիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանական հատուկ ջոկատայինների և հակակառավարական ցուցարարների միջև
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բախումներ են տեղի ունեցել բոլիվիական հատուկ ջոկատայինների և հակակառավարական ցուցարարների միջև։ Արհմիություններն ու բնիկ բնակչության խմբերը պահանջում են երկրի նախագահ Ռոդրիգո Պասի հրաժարականը։ Այս մասին հայտնում է «AFP» գործակալությունը:
Գործարար շրջանակներին սատարող պահպանողական նախագահի հրաժարականի կոչերը չեն մարում, թեև նա խոստացել է ընդառաջ գնալ արհմիությունների և տեղի բնակիչների պահանջներին։
Լա Պասի կենտրոնում շատ ձեռնարկություններ ու խանութներ փակել են իրենց դռները՝ զգուշանալով երկուշաբթի օրվա նմանատիպ ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների կրկնությունից։
«Նա պետք է հրաժարական տա, գրողը տանի՛», — վանկարկել է անդյան այս քաղաքի փողոցներում երթևեկությունը փակած ֆերմերների, բանվորների, հանքափորների, տրանսպորտի ոլորտի աշխատողների և ուսուցիչների բազմությունը։
Պասը իշխանության է եկել վեց ամիս առաջ՝ 1980-ականներից ի վեր երկրի ամենածանր տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն ուղեկցվում է վառելիքի ու արտարժույթի սուր դեֆիցիտով, ինչպես նաև թռիչքաձև գնաճով։
Սաղավարտներով ու պոնչոներով ցուցարարները (որոնցից շատերը ծածանում էին բնիկ ժողովուրդների ծիածանագույն դրոշները) հրավառություններով ու ճայթրուկների պայթյունների ներքո շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Ցուցարարները փայտեր ու քարեր են նետել հատուկ ջոկատայինների ուղղությամբ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել ու փակել դեպի կառավարական շենքերի հրապարակ տանող ճանապարհը։
Ավելի ուշ, երբ քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, հարյուրավոր բնակիչներ քայլերթ են իրականացրել կենտրոնով՝ բողոքելով քաղաքը խեղդող շրջափակման դեմ։ Այս մասին հայտնում է «AFP»-ի թղթակիցը։
Բոլիվիայի կառավարությունը հայտարարել է, որ շաբաթ առավոտվանից սկսում է ոստիկանական և զինվորական հատուկ գործողություն՝ շրջափակումը ճեղքելու և Լա Պասում դեֆիցիտ դարձած ապրանքների մատակարարումն ապահովելու համար։
Լա Պասի արվարձան Էլ Ալտոյում, որը հիմնականում բնակեցված է բնիկ ժողովուրդներով և համարվում է ընդդիմադիր տրամադրությունների գլխավոր օջախը, ցուցարարները կարճ ժամանակով փակել են քաղաքի գլխավոր միջազգային օդանավակայանի ճանապարհը։
Բոլիվիայի նախագահը փորձել է մեղմել բողոքի ալիքը՝ աշխատանքից ազատելով հանրության շրջանում հեղինակություն չունեցող աշխատանքի նախարարին և խոստանալով հանքափորներին ու մյուս խմբերին ավելի մեծ դերակատարում տալ պետական քաղաքականության մշակման գործում։ Սակայն նրա այս քայլերը, կարծես թե, չեն տվել ցանկալի արդյունքը։
Ցուցարարները շարունակում են փակ պահել դեպի Լա Պաս տանող ճանապարհները, ինչի հետևանքով քաղաքում սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պակաս է առաջացել։



