Երևանցիները չեն գալիս ընտրությունների. Երևան արի, որ Նիկոլը գնա. Կարպիս Փաշոյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբոըքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին «Ուժեղ Հայաստան»-ը չէ և ո՛չ էլ Քոչարյանն ու Ծառուկյանը։ Մենք՝ առավել ևս։
Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին ընտրություններում բարձր մասնակցությունն է։ Որքան շատ լինի մարդկային հոսքը, այնքան մոտ կլինի Փաշինյանի հեռացումը։ Սրա մասին հրաշալի գիտեն նաև ՔՊ-ում և փորձում են մի կողմից մոբիլիզացնել իրենց ակտիվ զանգվածներին, իսկ մյուս կողմից էլ մարգինալացնել գործընթացը։
Բարձր մասնակցության և Նիկոլի հեռացման առաջնային շարժիչ ուժը Երևանն է։ Եթե Երևանը գա ընտրությունների, Նիկոլը կհեռանա։ Այսինքն, իրական հրեշը Երևանն է, քնած հրեշը, որը պետք է արթնանա։
Ամենևին էլ չեմ փորձում խտրականություն դնել մարզերի և մայրաքաղաքի միջև։ Պարզապես Երևանն է հայության սիրտը, քաղաքական մտքի կենտրոնն ու շարժիչ ուժը։ Միլիոնանոց այդ քաղաքը այսօր մնացել է առանց կառավարման, փնթի, փոշոտ և փոսերով։ Իսկ պատճառը ընտրություններում ցածր մասնակցությունն է։
Նիկոլ Փաշինյանի ընտրողները այս երկրում մեծամասնություն չեն։ Ինչ-որ մի ագրեսիվ փոքրամասնություն փորձում է վճռել երկրի ճակատագիրը։ Երևանցիները չեն գալիս ընտրությունների և հայ ազգի ճակատագիրը վճռում են գյուղերում կառուցված մի քանի մանկապարտեզներով, ասֆալտով և լեդերով։
Բնականաբար այս իշխանության ամենամեծ անբարայականությունը ազգային հարցերի և ասֆալտի ու մանկապարտեզների հակադրումն է։ Մարզերում մարդկանց համոզում են, որ ասֆալտը Արցախի չլինելու շնորհիվ է։ Եվ չկա մեկը, որ ասի մի պարզ բան․ կարելի էր և՛ Արցախ ունենալ և՛ ասֆալտապատված և լուսավորված գյուղեր։ Այս հարցադրման հասցեատերերից մեկը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։
Այնուամենայնիվ, անցյալը չենք կարող ետ բերել։ Ընդամենը պետք է արձանագրել հետևյալը․ ասֆալտը, մանկապարտեզները և լեդերը չեն կարող վճռել Հայաստանի և հայության ճակատագիրը, խաչ քաշել հազարամյա բովանդակության և պայքարի վրա։ Չենք կարող ասֆալտապաշտության կուռքին զոհաբերել բոլոր ազգային շահերը և ժողովրդի գլխին հարյուր տարով միջանցք բերել, ուրանալ Ցեղասպանությունը, պղծել Ղարաբաղյան շարժումը և կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին։
Երևան արի, որ Նիկոլը գնա»։



