Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան
Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր է ընդունվել, որում, ի թիվս այլնի, նշվում է․
«ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025թ․ մարտին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի» մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը՝ շարժվելու դեպի ԵՄ»։
168․am-ը քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ հավատո՞ւմ է արդյոք Հայաստանի՝ Եվրոպական հեռանկարին, և ո՞ր դեպքում այն իրատեսական կլինի։
«Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում։ Այստեղ երևի «հայ ժողովրդի սիրելի» Մակրոնի խոսքն է պետք մեջբերել, որն ամիսներ առաջ նշել էր, թե վստահ չէ, որ մի 5 տարի հետո Եվրամիությունը, որպես այդպիսին, կլինի՞, թե՞ ոչ։ Այսինքն, եթե գլխավոր երկրներից մեկի նախագահն է այդ կարծիքին, մեր մասին էլ խոսք չկա»,- ի պատասխան՝ նշեց Ստեփան Դանիելյանը։
Այս գագաթնաժողովի «իրական» նպատակների մասին իր դիտարկումներում վերլուծաբանը մի քանի շեշտադրում արեց՝ ընդգծելով դրա և՛ ներհայաստանյան, և՛ աշխարհաքաղաքական նշանակությունը։
«Այս ամբողջ միջոցառման իմաստը գործող իշխանությանը նախընտրական աջակցություն ցուցաբերելն էր։ Այն նաև աշխարհաքաղաքական նշանակություն ուներ․ իրենք ցույց են տալիս, որ մտել են Ռուսաստանի ֆորմալ տարածքը։ Սա դեմոնստրացիա էր, ցուցադրություն է Ռուսաստանի նախագահին, որ այստեղ արդեն աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող են լինել։ Մեկ այլ նկատառում էլ՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև նույնպես մրցակցություն գոյություն ունի աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում, որի դերը տրանսպորտային առումով գնալով մեծանում է»,- պարզաբանեց նա։
Ճշգրտմանը՝ Ռուսաստանը, ըստ էության, ձեռքերը լվացե՞լ է տարածաշրջանից, Ստեփան Դանիելյանն արձագանքեց․
«Ռուսաստանը, միանշանակ, ձեռքերը չի լվացել տարածաշրջանից, ուղղակի Ռուսաստանի վիճակը պատերազմի առումով բավականին խնդրահարույց է, և Ռուսաստանը մաքսիմալ փորձում է նոր թշնամիներ
կամ նոր բարդություններ չստանալ, խուսափել դրանցից, բայց կխուսափի այնքան ժամանակ, մինչև որ իրավիճակն արդեն իր համար անընդունելի լինի։
Ես կարծում եմ`դեռ ֆորմալ առումով Հայաստանն այդ կարմիր գծերը չի անցել, որովհետև գործող վարչապետի համար կարևորն այս նախընտրական դիվիդենտներն են և այդ շոուներից միավորներ հավաքելը, բայց ռեալ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի դեմ դեռևս չեն արվել․ ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, չի պահանջել՝ ռուսական զորքը դուրս գա Հայաստանից։ Դրանք այն կարևոր կետերն են, կարմիր գծերն են Ռուսաստանի համար, որոնք դեռևս չի անցել գործող վարչախումբը»։



