Փաշինյանի կառավարման անհատականացված և բևեռացնող ոճը կարող է խնդիրներ ստեղծել ԵՄ-ի համար, ինչպես Սահակաշվիլիի դեպքում․ ո՞րն է այստեղ ՀՀ շահը․ Մարկեդոնով
«Եվրոպական քաղաքական շաբաթ Երևանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է մայիսի 4-ից Երևանում մեկնարկելիք Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ գագաթնաժողովին ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։
Տելեգրամյան իր ալիքում Մարկեդոնովը նշում է, որ մի քանի օրից Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի Եվրամիության դիվանագիտական հաբի։
Ըստ նրա, ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում առաջիկա իրադարձությունների լուսաբանման մեջ գերակշռում են երկու թեմա՝ եվրոպական ֆորումները՝ որպես ազդեցության գործոններ խորհրդարանական ընտրությունների վրա (Հայաստանի հնգամյա քաղաքական ցիկլի գլխավոր ընտրական գործընթացը) և Երևանի «եվրոպականացումը»՝ որպես Ռուսաստանի և «հավաքական Արևմուտքի» միջև դիմակայության մաս։ Մարկեդոնովը գտնում է, որ արդեն մի քանի օրից Հայաստանի մայրաքաղաքում կուտակվելու են Մոսկվայի կոշտ քննադատներն ու բացահայտ հակառակորդները։ Սակայն խնդիրը, ինչպես միշտ, ավելի լայն և բարդ է»,- արձանագրում է վերլուծաբանը։
«Երկար տարիներ Եվրամիությունը, ինչպես նկատում է Անդրեյ Սուշենցովը, գտնվում էր «ստրատեգիական արձակուրդում»՝ հենվելով ՆԱՏՕ-ի առաջին սկզբունքի վրա՝ «we should keep Americans in»։ Ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամը որոշակի փոփոխություններ մտցրեց այս դիրքավորման մեջ։ Արևմուտքը դարձավ փոքր-ինչ պակաս միասնական, իսկ ԱՄՆ-ը իր եվրոպական դաշնակիցներին ներկայացրեց ավելի խիստ պահանջներ։ Արդյունքում՝ ստացանք Բրյուսելի փորձերը՝ վերագործարկել հարաբերությունները՝ ինչպես ինտեգրացիոն միավորման ներսում, այնպես էլ՝ եվրոպական պերիֆերիայի հետ։ Եվրոպական քաղաքական համայնք նախագիծը, որը մեծ շուքով կներկայացվի հայ լսարանին, մեծապես դիտարկվում է՝ որպես նախաձեռնություն, որը բարձրացնում է «միավորված Եվրոպայի» ռազմավարական դերը։
Այսօր Հայաստանը հաճախ համեմատում են Մոլդովայի հետ։ Իրոք, երկու դեպքում էլ Բրյուսելը հստակ նշել և աջակցել է «իր» թեկնածուին։ Սակայն կա կարևոր նրբություն․ Երևանն իրական ընտրություն չունի եվրոպական և եվրասիական ինտեգրացիայի միջև (ինչպես դա, առնվազն մինչև 2022 թվականը, ուներ Մոլդովան)»,- այսպիսի պնդում է անում Մարկեդոնովը։
Շարունակելով՝ Մարկեդոնովը տեղեկացնում է, որ այս պահին Եվրամիությունը պաշտոնապես բացել է անդամակցության բանակցություններ 7 երկրների հետ՝ Ալբանիա, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա, և այդ ցանկում Հայաստանը չկա, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը և Կոսովոն Եվրահանձնաժողովի տեղեկանքում նշված են՝ որպես պոտենցիալ թեկնածուներ, որոնց հետ բանակցությունները դեռ չեն բացվել, այդ ցուցակում նույնպես Հայաստանը չկա։
«Ավելին, ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի նախատեսվում։ Նույնը բացահայտ կերպով նշվել է նաև Հայաստանի Ազգային ժողովում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համանախագահների կողմից։
«Ակնհայտ է, որ Հայաստանը չի միանա Եվրամիությանը ո՛չ այս տարվա վերջին, ո՛չ էլ հաջորդ տարվա վերջին։ Այս գործընթացը պահանջում է ժամանակ և որոշակի ջանքեր»,- ասել է բանախոսներից մեկը՝ Նիլ Ուշակովը։
Այստեղից հետևություն․ Հայաստանի ղեկավարությունը փորձում է ակտիվորեն ինտեգրվել եվրոպական քաղաքական պերիֆերիային՝ նպաստելով Եվրամիության դուրս գալուն «ստրատեգիական արձակուրդներից»։ Իսկ որտե՞ղ են այստեղ երկրի ազգային շահերը։ Այս հարցը մնում է բաց։ Առնվազն այս գործընթացի արդյունքում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը շատ հավանական է»,- նշում է ռուս քաղաքագետ Մարկեդոնովը։
Հղում անելով բրիտանացի հայտնի կովկասագետ Թոմաս դե Վաալին՝ Մարկեդոնովը հիշեցնում է, որ նույնիսկ արևմտյան նարատիվներ տարածող Թոմաս դե Վաալը միաժամանակ ընդունում է նաև վտանգավոր մարտահրավերների առկայությունը։
«Փորձագետը զգուշացնում է գործընկերներին «Փաշինյանի կառավարման չափազանց անհատականացված և բևեռացնող ոճի» մասին, որը կարող է խնդիրներ ստեղծել արդեն Եվրամիության համար, ինչպես դա եղել է Սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանում։ Բրյուսելի և Թբիլիսիի միջև ներկա ճգնաժամը եվրոպական բյուրոկրատների կողմից կովկասյան նրբությունների թերի ընկալման անմիջական հետևանք է։
Այսօրվա մոտեցումները, ինչպես նաև՝ Եվրամիության կառույցների կադրային կազմը, թույլ չեն տալիս ասել, որ Բրյուսելը պատրաստ է հրաժարվել պարզունակ ընդհանրացումներից։ Այս իրավիճակում պետք է չխանգարել հակառակորդին՝ թույլ տալով, որ նա սխալներ գործի։ Բայց ոչ պակաս (եթե ոչ ավելի) կարևոր է՝ ինքներս սխալներ չգործենք։
Առաջին հերթին՝ զերծ մնալ կտրուկ քայլերից, որոնք թելադրված են զգացմունքներով, առնվազն մինչև 2026 թվականի հունիսի 7-ի քվեարկության օրը։ Վերաձևակերպելով հայտնի աֆորիզմը՝ թիրախավորելով ԵՄ-ն, կարևոր է չվնասել Հայաստանին և նրա ժողովրդին։ Պետք է հասկանալ, որ իշխանական կառույցները դեռ ամբողջ հայ ընտրազանգվածը չեն, և պրոարևմտյան ու պրոեվրասիական միտումների միջև պայքարը չի ավարտվելու ո՛չ մայիսի 5-ին, ո՛չ էլ հունիսի 8-ին»,- գրում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։



