Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան խորհրդաժողով են անցկացնում Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Լոնդոնում մեկնարկել են ռազմական պլանավորման երկօրյա խորհրդաժողով, որի նպատակն է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի մշակումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ խորհրդաժողովին ներկա են ռազմական պլանավորողներ ավելի քան 30 երկրից:
Ըստ գերատեսչության՝ խորհրդաժողովի նպատակն է կյանքի կոչել ավելի վաղ ձեռք բերված դիվանագիտական փոխհամաձայնությունը՝ այն վերածելով համատեղ ռազմական պլանի, որը կօգնի բացել նեղուցը, երբ հաստատվի տևական հրադադար, և պայմանները թույլ տան:
Նախարարությունը նաև շեշտել է, որ համաշխարհային առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և համաշխարհային տնտեսության կայունությունը կախված են Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունից:
Ապրիլի 17-ին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Փարիզում 51 երկրի մասնակցությամբ գագաթնաժողով էին անցկացրել Հորմուզի նեղուցի հետ կապված իրադրության շուրջ: Գագաթնաժողովին անձամբ ներկա են գտնվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները, իսկ Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի մյուս պաշտոնյաները միացել են տեսակապով:



