Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկների մասին
Ազգային Ժողովում քննարկվող «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի առնչությամբ հարց հնչեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց Ազատության հրապարակում շուրջ մեկ ամիս բողոքի ակցիա իրականացնող ազատամարտիկների մասին, ովքեր պատգամավորի խոսքով` բողոքում էին իրենց սոցիալական վիճակից, ու հետաքրքվեց՝ արդյոք այդ ազատամարտիկների հետ նախագծի համահեղինակները զրուցե՞լ են, տեղյա՞կ են նրանց պահանջների մասին:
«Եթե նրանց սոցիալական վիճակը չի բարելավելու այս նախաձեռնությամբ, ապա ո՞րն է այս մղումը, որ ազատամարտիկի հոգեվիճակի վերաբերյալ նման նախաձեռնություն կատարեք: Եվ ևս մեկ հարց` կարգավիճակը վերաբերվելու է նաև նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախի պատերազմում, բայց Հայատսնաի քաղաքացիներ չե՞ն հանդիսանում»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:
Ի պատասխան՝ օրինագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանն ասաց, թե օրենքի նախագծի կարգավորման առարկան հատուկ կարգավիճակի տրամադրման ու հասկացությունների հստակեցման մասին է, և սոցիալական ապահովության երաշխիքների հետ կապված ցանկություններն այս օրենքի կարգավորման դաշտից դուրս են:
Ինչ վերաբերում է պատգամավորի այն հարցին, թե Հայաստանի քաղաքացիություն չունեցող, բայց մարտական գործողություններին մասնակից անձանց և՞ս վերաբերում է այս օրինագիծը, Ս. ֆարմանյանն ասաց՝ այո, քաղաքացիության որևէ արգելք չկա և նրանք կարող են երկրապահ-կամավորականի կարգավիճակ ունենալ: