Երկրորդ ռաունդ՝ խաղաղության և պատերազմի, աշխարհաքաղաքական փորձությունների նուրբ սահմանագծին
Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված ու անորոշ մնալ։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի երկշաբաթյա հրադադարի ժամկետի ավարտին ընդառաջ՝ հակամարտությունը գտնվում է պատերազմի ու բանակցությունների միջև փխրուն սահմանագծին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը և չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի: Նա հերթական անգամ կրկնել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրերից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը, ըստ Թրամփի, երկար և բարդ գործընթաց է լինելու: «Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում, մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանությունը ոչնչացվել են, և հանրապետությունում իշխանափոխություն է տեղի ունեցել.
«Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա: Սակայն ես թույլ չեմ տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին՝ կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը նշել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարաք Օբամայի կնքած միջուկային համաձայնագիրը:
«Մեր գործարքը կերաշխավորի խաղաղություն, անվտանգություն և ապահովություն՝ ոչ միայն Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը, եզրափակել՝ եթե Իսլամական Հանրապետության նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է պայծառ ապագա ունենալ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը, սահմանելով շրջափակում և խախտելով հրադադարի ռեժիմը, ձգտում է բանակցային գործընթացը վերածել «կապիտուլյացիայի սեղանի» կամ արդարացնել ռազմական էսկալացիայի վերսկսումը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է պայմաններ թելադրել ճնշումների և սպառնալիքների միջոցով, սակայն Թեհրանը չի ընդունում բանակցություններ շանտաժի և սպառնալիքների ներքո։
Ղալիբաֆն ընդգծել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը դիմակայության դաշտում նոր «խաղաքարտեր» է պատրաստել, ինչն արտացոլում է երկրի պատրաստակամությունը՝ արձագանքելու ցանկացած սցենարի և պահպանելու ռազմավարական զսպումը։
Al Jazeera-ն, հղում անելով Թեհրանում իր թղթակցին, հայտնել է, որ Իրանի արտգործնախարարության և խորհրդարանի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ իրանական որևէ պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ։ Մասնավորապես նշվում է, որ խորհրդարանի խոսնակ ու բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին ու նրա տեղակալը ներկայումս գտնվում են Իրանում։ Իրանի պետական հեռուստատեսությունը (IRIB) նույնպես հաստատել է, որ պաշտոնական պատվիրակություններն ու մասնագիտական խմբերը չեն մեկնել Պակիստան։ Այսպիսով՝ առաջիկա բանակցություններին Իրանի մասնակցությունը դեռևս մնում է անորոշ։
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադ կմեկնի իրանական կողմի հետ բանակցությունների երեքշաբթի առավոտյան։ «Առավոտ. մեկնում Joint Base Andrews օդանավակայանից դեպի Իսլամաբադ, Պակիստան»,- գրված է փոխնախագահի նախնական ժամանակացույցում։ Մեկնման և ժամանման ստույգ ժամը նշված չէ։ Միջազգային առաջատար ԶԼՄ-ները հայտնում են, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա, Իրանը մասնակցելու է, սակայն պաշտոնական արձագանք չկա։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում ասաց, որ Իսլամաբադում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի շուրջ խոսակցությունը հուշում է, որ կողմերը, չնայած հրապարակային կոշտ կեցվածքին, փորձում են գտնել մեծ պատերազմը կանխելու եզրեր։ Ըստ նրա՝ Պակիստանի հարթակն այս դեպքում ծառայում է որպես չեզոք վայր, որտեղ բանակցելով, Վաշինգտոնը ձգտում է խուսափել նախընտրական շրջանում իմիջային վնասներից, իսկ Թեհրանը՝ փորձում թուլացնել իր նկատմամբ ճնշումներն ու միակողմանի պահանջները։ Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ը շարունակում է ընթանալ մաքսիմում պլանի ճանապարհով, որն Իրանը մերժում է և փորձում է շարունակել դիմակայությունը, դրա շրջանակում փորձելով իր զսպող քայլերով ԱՄՆ-ին մղել ավելի մեղմ դիրքորոշումների։

«Այս երկխոսության հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կողմերը կգան հավասարակշռված համաձայնության՝ ստանձնելով հստակ պարտավորություններ, թե՞ ոչ։ Եթե բանակցությունները դրական ընթացք ունենան, ականատես կլինենք լարվածության ժամանակավոր սառեցման։ Այնուամենայնիվ, ցանկացած սխալ քայլ կամ սադրանք կարող է հեշտությամբ տապալել այս փխրուն գործընթացը՝ վերածելով այն դիվանագիտական փակուղու»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն, այս պահի դրությամբ, նրա որակմամբ, բանակցությունների հաջողության հավանականությունը շատ ցածր է։
Վերլուծաբանը գտնում է, որ Հարավային Կովկասի համար այս զարգացումներն ունեն ճակատագրական նշանակություն, քանի որ տարածաշրջանն անմիջականորեն կրում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությունը։
«ԱՄՆ-Իրան առճակատման թուլացումը կարող է մեղմել քաղաքական լարվածությունը Հարավային Կովկասում՝ հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, որոնցից առաջինը սերտ համագործակցում է Արևմուտքի և ԱՄՆ նախագահի աշխատակազմի հետ, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելի հետ։ Լարվածության լիցքաթափումը, բնականաբար, կնվազեցնի տարածաշրջանը գերտերությունների բախման «երկրորդ անուղղակի ճակատի» վերածելու վտանգը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համար։ Լարվածության լիցքաթափումը կարևոր է նաև, որպեսզի չընդլայնվի պատերազմի աշխարհագրությունը»,- ասաց փորձագետը։
Նրա կարծիքով, Թեհրանի և Վաշինգտոնի հնարավոր պայմանավորվածությունները կարող են վերադասավորել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանային ուղիների հարցում։
«Ամփոփելով՝ պետք է ասել, որ Իսլամաբադում որոշվում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից շրջանների վաղվա պատկերը։ Հարավային Կովկասի համար սա կամ կայունացման հնարավորություն է, կամ նոր աշխարհաքաղաքական փորձությունների սկիզբ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կողմերին կհաջողվի հանգել պայմանավորվածությունների, որոնք բավարարում են թե Վաշինգտոնին, թե Թեհրանին։ Սա, բնականաբար, բարդ խնդիր է, բայց միայն այս ձևաչափը կարող է որոշակի կայունություն ապահովել»,- ասաց նա։



