«Իրան-ԱՄՆ-Իսրայել համագործակցության ու խաղաղ բանակցությունների որևէ նշույլ առայժմ չեմ տեսնում». Քաղաքագետ
Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։
«Վեդոմոստ» պարբերականի տվյալներով՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր առավոտյան մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։
Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենսը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստման համար։ Թրամփը հերքել է Իրանի հայտարարությունները բանակցություններին մասնակցելուց հնարավոր հրաժարման մասին։
Аl-Нadath-ն էլ տեղեկացրել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակություններն այսօր միաժամանակ կժամանեն Իսլամաբադ՝ ապրիլի 22-ին նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների համար։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում ապրիլի 22-ին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել էր, որ դեռ պաշտոնապես չեն կարող հաստատել օրը, սակայն նշել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը շուտով պետք է բանակցությունների մեկնի։
Ի՞նչ սպասել ԱՄՆ-Իրան սպասվող բանակցություններից, իրատեսակա՞ն է, որ այն տեղի կունենա։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ ապրիլի 22-ին ԱՄՆ-Իրան հանդիպումը կամ, այսպես կոչված, բանակցությունները հարցականի տակ են։
«Այդուհանդերձ, անկախ այդ բանակցություններից ու հանդիպումներից, այս հակամարտությունը շարունակվելու է՝ գուցե այլ ձևով ու ձևաչափով։ Ինչ-որ ժամկետներից հետո այդ ամենը մենք տեսնելու ենք, որովհետև Իսրայելը շատ վճռական է տրամադրված Իրանին ոչնչացնելու՝ որպես պետություն, Իսրայելն այսօր հենց այդ գաղափարով է առաջնորդվում։
Իսրայելը մտավախություն ունի, որ եթե Իրանն ունենա միջուկային զենք, կարող է մի օր հիմնահատակ ոչնչացնել Իսրայելին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Ըստ քաղաքագետի, այս ամենը վերաբերում է նաև ամբողջ տարածաշրջանին, եթե Իրանը փորձի միջուկային զենք օգտագործել, դա ուղղակի կործանի Մերձավոր Արևելքի ամբողջ համակարգը։
«Այսօր միջուկային պատերազմները, խնդիրները շատ վտանգավոր են յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի։
Առայժմ ես Իրան-ԱՄՆ-Իսրայել համագործակցության ու խաղաղ բանակցությունների որևէ նշույլ չեմ տեսնում, այս եռանկյունուն զսպող բան չկա։ Այդուհանդերձ, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մի փոքր զսպում է նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրությունները, որտեղ կարող է կորցնել հանրապետականների աջակցությունը՝ և՛ Սենատում, և՛ Կոնգրեսում, ապա Իսրայելի վարչապետին զսպող որևէ գործոն այս պահին չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Իսրայելում վարչապետի դեմ մարդիկ որոշակի խմբերով ակցիաներ անում են՝ պատերազմ չանելու համար, սակայն այդ ամենը չի օգնում։
«Այդ ամենն իրականում չի արտահայտում Իսրայելի ու նրա ընտրանու գաղափարներն ու ցանկությունները։ Ինչպես արդեն նշեցի՝ Իսրայելի նպատակն Իրանի ամբողջական ոչնչացումն է։ Այնպես որ, սպասենք ապրիլի 22-ին»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։




