ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել Հռոմի Լևոն XIV պապին։
Ըստ Վենսի, նա շնորհակալ է պոնտիֆիկոսին այն հայտարարության համար, որում վերջինս ափսոսանք է հայտնել, որ իր խոսքերն ընկալվել են որպես ԱՄՆ նախագահի հետ նոր բանավեճ սկսելու փորձ։
«Շնորհակալ եմ Լևոն պապին դա ասելու համար։ Այն դեպքում, երբ լրատվամիջոցները մշտապես հրահրում են հակամարտություններ (և այո, իրական տարաձայնություններ եղել են ու կլինեն), իրականությունը հաճախ շատ ավելի բարդ է։ Լևոն պապը քարոզում է Ավետարանը, ինչպես և պետք է, և դա անխուսափելիորեն նշանակում է, որ նա իր կարծիքն է հայտնում արդի բարոյական հարցերի շուրջ։ Նախագահն ու ողջ վարչակազմն աշխատում են կիրառել այդ բարոյական սկզբունքները մեր խառնաշփոթ աշխարհում։ Նա կլինի մեր աղոթքներում, և հուսով եմ, որ մենք էլ կլինենք նրա աղոթքներում»,- գրել է Վենսը։
Ավելի վաղ Կամերունում ունեցած ելույթի ժամանակ Հռոմի պապը հայտարարել էր «աշխարհը կողոպտող մի խումբ բռնապետերի» մասին։
Լևոն XIV-ը վերջին շաբաթներին ընդհանուր առմամբ բացահայտ քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Նա բոլորովին անընդունելի է համարել Իրանում «քաղաքակրթությունը ոչնչացնելու» Թրամփի սպառնալիքը և հակադարձել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, որը կոչ էր արել «հանուն Հիսուս Քրիստոսի» աղոթել ամերիկացի զինվորների հաղթանակի համար։ Ըստ Լևոն պապի, տիրապետության ձգտումը «խորթ է Հիսուս Քրիստոսի ուղուն»։



