Ճանապարհը փակելու հերթն արարատցիներինն է. 2 հազարից ավելի գյուղացիներ գյուղնախարարին մեղադրում են ստախոսության մեջ
Այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա է սկսվել Արարատի մարզում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 2000 գյուղացի՝ Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերից, հայտարարում են, որ ինչ որ ֆուռատերեր, գյուղացիներին դնելով ստրուկի տեղ, փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները հայտնել են, որ օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել է գյուղեր և խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գյուղացու աճեցրած միրգը ինչ որ արտոնյալներ ստիպողաբար ջրի գնով չգնեն:
Մինչդեռ գյուղնախարարի այցից հետո գինն ավելի է նվազել: Գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, իրենք գալու են Երևան և իրենց պահանջն են արտահայտելու կառավարության առջև:
Ըստ գյուղացիների՝ նրանց առաջարկած գնով նույնիսկ չեն կարող մարել ոռոգման ջրի պարտքը: Ֆուռատերերը տեսնելով գյուղացիների զայրույթը՝ իրենց հետ բերած փայտյա արկղերը թողել և ճողոպրել են: Գյուղացիները հայտնել են նաև, որ այսօր առավոտյան ժամը 8-ին իրենց խոստացել էր, որ կհանդիպի Արարատի փոխմարզպետը, սակայն «երևի դեռ անկողնում աչքերը կպած ա», ասել են գյուղացիները: