Պակիստանյան լցանավն անցել է Հորմուզի նեղուցով
Պակիստանյան Shalamar նավթատար լցանավը կարողացել է Հորմուզի նեղուցով անցնել ապրիլի 13-ին ԱՄՆ-ի կողմից նեղուցի շրջափակման մեկնարկից ի վեր:
«Shalamar-ը հինգշաբթի (ապրիլի 16-ի) ուշ երեկոյան անցել է իրանական Լարակ կղզուց հարավ և մտել Օմանի ծոց՝ փոխադրելով մոտավորապես 450 հազար բարել նավթ, որը բեռնվել էր ԱՄԷ-ի Դաս կղզում», – գրում է գործակալությունը՝ հղում անելով նավերի մոնիթորինգային համակարգերի տվյալներին։
Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ լցանավը միայն կիսով չափ էր բեռնված, և որպես նպատակակետ նշված էր Կարաչի քաղաքի նավահանգիստը։
Գործակալությունը նշում է, որ Պակիստանի դրոշի ներքո նավարկող լցանավը հանգստյան օրերին մտել է Պարսից ծոց և դարձել առաջին նավը, որը նավթով բեռնված անցել է Հորմուզի նեղուցով ապրիլի 13-ից հետո։
Equasis ծովային բազայի տվյալների համաձայն՝ Shalamar-ը պատկանում և կառավարվում է Pakistan National Shipping Corp ընկերության կողմից։
ԱՄՆ զինված ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ շրջափակումը վերաբերում է իրանական նավահանգիստներին և ափամերձ շրջաններին, ոչ թե Հորմուզի նեղուցին։ Ըստ ամերիկյան կողմի՝ նեղուցով անցումն արգելվում է միայն իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ ուղևորվող նավերի համար։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։



