Բաժիններ՝

Ալիկ Սարգսյանի եղբայրը հետապնդել է Բաբկեն Հարությունյանին և վերցրել նրա մեքենայի բանալիները

Maxinfo.am կայքը հաղորդում է տարածել այն մասին, որ արգելափակվել է կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան: Ըստ լրատվամիջոցի, դա արվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր կողմից:

«Փաստինֆոն» հեռախոսազրույց է ունեցել Բաբկեն Հարությունյանի հետ և վերջինս կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ է տվել:

«Ես լուսանկարահանումներ էի իրականացնում Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը, ռեպորտաժը իրականացնելուց հետո իմ մեքենան հետապնդեց, ինչպես հետագայում պարզվեց, Ալիկ Սարգսյանի եղբայրը’ Անդրանիկ Սարգսյանը: Նրանք փակեցին իմ մեքենայի Ճանապարհը, ես, իհարկե, ստիպված եղա կանգնել, որից հետո վերցրեցին իմ մեքենայի բանալիները և թույլ չտվեցին ինձ շարունակել իմ ճանապարհը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Պատասխանելով կատարվածի պատճառների մասին հարցին` Maxinfo.am կայքի հիմնադիրը մասնավորապես ասել է.  «Մենք բազնմիցս անդրադարձել ենք Ալիկ Սարգսյանի գործունեությանը և հավանաբար նրանց համար դա շատ տհաճ է: Միանշանակ դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, որևէ անձնական բնույթի խնդիր մենք երբևէ չենք ունեցել և չէինք էլ կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք կատարվածի մասին Բաբկեն Հարությունյանը տեղյակ պահե՞լ է Ոստիկանությանը, թե՞ բավարարվել է կայքում տեղադրված հրապարակմամբ, մեր զրուցակիցը նշել է, որ թեև ինքը իրավապահներին չի դիմել, բայցեւայնպես «քիչ առաջ ինձ զանգահարեցին ոստիկանությունից, կանչեցին, դեպքի վայր, այնտեղ, որտեղ ես թողել էի իմ ավտոմեքենան»:

Առայժմ նա չի ցանկացել դեպքի մասին այլ մանրամասներ ներկայացնել` գերադասելով սպասել իրավապահների ձեռնարկելիք գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս