Ավետիք Բուդաղյանի կնոջ խոսքով՝ «թիկունքից կրակողը հավանաբար Սուրիկն է եղել»
«Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը «միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին»:
Անահիտի պատմելով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը զանգում է Ավոյին, ասում, որ գործուղման է գալիս Հայաստան: Բակո Սահակյանի հետ գնում են Կապան, Քաջարան, հետո Տաթև: «Այդտեղ հաց կերան, ճանապարհեցին պատվիրակությանը, մնացին քիչ մարդկանցով:
Հենց ըտեղ Բակո Սահակյանը Ավոյին լիքը գովում, մեծարում է: Ըտեղ Սուրիկին խեղդեց նախանձը: Ավոն բարձունքների հասավ իր գործունեությամբ, Սուրիկը՝ իր հանցագործություններով չկարացավ տանել գովեստը»,- պատմել է Անահիտը:
Նա տեսել է համացանցում տեղադրված ողբերգական միջադեպի տեսագրությունը: Չի հասկանում, եթե որակում են զինված հարձակում, ապա ինչո՞ւ պիտի Ավոն ու Արտակը միայն երկուսով գնային: «Նման նպատակ եթե ունենային, եթե զինված հարձակում էր, դժվար չէր՝ կզանգեին մի 50 մարդ կգար զինված»,- հուզված ասել է Անահիտը՝ ավելացնելով, որ «թիկունքից կրակողը հավանաբար Սուրիկն է եղել»:
Բուդաղյանների մայրը՝ տիկին Ալլան էլ զարմացած ասել է. «էդքան մարդ հավաքվեց, էդքան աղմուկ-աղաղակ, ու ինքը քնա՞ծ: Կարող ա՞ ձեր տուն մարդ ա գալիս, դուք պատրաստվում եք զենքով դիմավորեք: Իսկ իրանք արդեն պատրաստ էին: Արտակի ձեռքին եղածը որսորդական է եղել, փամփուշտ էլ չի եղել մեջը»:
Անահիտն էլ նշել է, որ՝ Ավոն տեսնելով, որ եղբայրը ընկած է, ու իրեն էլ են կրակում, շարունակում է վազել առաջ:
«Հետո էդտ հինգ հոգին փախան: Ավոն գնաց եղբորը օգներ, էդ կեղտոտները հետևից կրակեցին: Էլի տղամարդկություն չուներ»,- լացակումած հավելել է Անահիտը:
Տիկին Ալլայի խոսքով, միշտ հակասություն եղել է իր որդինների և Խաչատրյանի միջև: Մոր խոսքերով՝ նաև պատճառը կրթությունն է: «Ախր մարդ պիտի սովորած լինի, որ մի քիչ էլ հասկանա, թե չէ՝ մարդ սպանելով, մարդկանց վախեցնելով՝ առաջ չես գնա»:
«Էդպիսի հավաքույթ չի եղել, որ առաջինը չխմեն պետության, հիմն-դրոշի, նախագահի կենացը: Ու հիմա պետությունը ի՞նչ է անելու, գոնե կպատժի՞»,- հարցնում է Անահիտը:
Չեն հետեւում նախաքննությանը: «Յանի էս երկրում արդարություն կլինի՞, թե՞ սա էլ կփակվի»,- ասել է որդեկորույս մայրը՝ գրկելով Ավետիք Բուդաղյանի երկուամյա որդուն՝ Անդրեին: Անդրեն հաճախ նայում է հոր նկարին, ցույց տալիս ու ասում՝ պապա: