ՀՀԿ-ական պատգամավորի դժվար հարցը. «Ինչպե՞ս անել, որ մարդ ուզենա փող գողանալ, բայց չկարողանա»
Ազգային Ժողովի արտահերթ նիստում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այս առնչությամբ նկատեց, թե հաշվետվության մեջ ներառված չարաշահումների շուրջ «վեճն անվերջ կարելի է շարունակել», ուստի, ըստ նրա, Կառավարության լրջագույն բացթողումն է ոչ թե մոնիթորինգի բացակայությունը կամ ֆինանսական վերահսկողության թերացումը, այլ նորմատիվի բացակայությունը: Հարակից զեկուցող ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ՀՀԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե Կառավարությունն այս հարցի առնչությամբ մտահոգություններ չունի՞: Ի պատասխան Ա. Գևորգյանն էլ ասաց, թե Մ. Բադեյանի տեսակետի հետ չհամաձայնել չի կարող:
Հարակից զեկուցողին հարց տվեց նաև ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալեքսան Պետրոսյանը: Վերջինս մտահոգված հարցրեց. «Ինչպե՞ս անել, որ մարդ ուզենա փող գողանալ, բայց չկարողանա: Շինարարական տենդերները, կարծում եմ, այս սկզբունքով պետք է աշխատեն: Կենտրոնական բանկը ոնց են սարքել, որ այնտեղից չեն կարող փող գողանալ»: Արմեն Գևորգյանն էլ ի պատասխան նշեց. «Ձեր հնչեցրած հարցի ժամանակ ես մտածում էի՝ արդյոք ե՞ս պետք է լինեմ այն մարդը, որ պետք է տա այդ հարցի պատասխանը: Հիմա հաստատ չեմ կարող մի ունիվերսալ լուծում առաջարկել, թե ինչպես անել, որ չգողանան: Կարծում եմ` պետական մեքենան պետք է այնքան ճիշտ աշխատի, որ չարաշահումները մինիմումի հասցվեն»: