Քանի դեռ Իրանը դիմադրում է, Հայաստանում կլինի խաղաղություն՝ անկախ նրանից՝ Փաշինյանը կմնա՞, թե՞ ոչ. Բադալյան
ԱԺ ամբիոնից, խորհրդարանի միջանցքներից և հնարավոր բոլոր հարթակներից Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հայտարարում են, որ եթե «հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն իշխանություն չդարձավ, ապա պատերազմ է լինելու»։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վերջերս նշեց, թե այդ պատերազմը երբ կարող է լինել՝ «Ընտրություններից հետո, սեպտեմբերին»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությունը ներկայացնում է՝ որպես փիառ արշավ, քանի որ ՔՊ-ի նախընտրական արշավի ռազմավարությունը «խաղաղությունն» է, բնականաբար, այս ամենն անձամբ Փաշինյանը և իր թիմակիցները դնում են շրջանառության մեջ։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղություն է բերել, հետևաբար՝ հիմա հո չի՞ կարող կանգնի ու հայտարարի, թե՝ ժողովուրդ, ում ուզում եք՝ ընտրեք, երկրում միշտ խաղաղություն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների շեմին պետք է առաջ տանի «սև»-ի ու «սպիտակ»-ի գիծը, բայց ոչ թե արդեն «նախկիններ» կոնտեքստում, այլ՝ խաղաղության կամ պատերազմի։ Նիկոլ Փաշինյանն իրեն նույնականացնում է՝ խաղաղության, մյուսներին՝ պատերազմի հետ, սա է նրա ռազմավարությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս թեզը կարող է ազդել տատանվող ընտրազանգվածի մի մասի վրա, այն ընտրազանգվածի, որն այս պահին դեռևս լավ կողմնորոշված չէ, թե ում օգտին է քվեարկելու։
«Նիկոլ Փաշինյանը գիտակացաբար է նշում, թե պատերազմը կարող է սկսվել սեպտեմբերին, չմոռանանք, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմը սկսվեց հենց սեպտեմբերին։ Սա որոշակիորեն իր ազդեցությունը կունենա տատանվող ընտրազանգվածի վրա»,- հավելեց Արմեն Բադալյանը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի ասած պատերազմը չի կարող լինել ոչ թե այն պատճառով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել է խաղաղության համաձայնագիրը, ոչ էլ այն պատճառով, որ սահմանին կանգնած են ԵՄ դիտորդներ, որ «հեռադիտակներով սարերով ու ձորերով են գնում ու գալիս», այլ, որ այսօր Հայաստանի հարևան Իրանին ձեռնտու չէ Հայաստանի դեմ պատերազմը։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստը կանգնած է Հայաստանի հարավում՝ Իրանում, նրանց ձեռնտու չէ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, 2020 թվականից հետո նա դրանում ավելի է համոզվել ու անում է ամեն ինչ՝ այստեղ խաղաղությունը պահպանելու համար։
Իրանում շարքային դեսպանից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյան բազմիցս է ասել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իրենց համար «կարմիր գիծ» է։ Քանի դեռ Իրանը դիմադրում է Իսրայել-Միացյալ Նահանգներ տանդեմին՝ Հայաստանում կլինի խաղաղություն՝ անկախ նրանից՝ Փաշինյանը կմնա՞ երկրի ղեկավար, թե՞ ոչ։ Եթե Իրանի դիմադրողականությունը կոտրեն, այդ դեպքում մենք էլ մտածելու լուրջ հարց ունենք»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը միաժամանակ ասաց, որ այսօր Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Սյունիքում «միջանցք» ասվածն անցնի թուրքական աշխարհի հսկողության տակ։ Եթե Իրանը պարտվի, ՌԴ-ն էլ զբաղված լինի Ուկրաինայով, ապա Ադրբեջանն ու Թուրքիան այս «միջանցքը» հանգիստ կվերցնեն՝ հաշվի չառնելով, թե ՀՀ-ում ղեկավարը Փաշինյա՞նն է, թե՞ ոչ։
«Խաղաղությունը թղթի վրա չի լինում, թղթի երաշխիքով չի լինում, այլ լինում է ուժով ու զորքով։ Հետևաբար՝ պատերազմի սպառնալիքն առհասարակ իրականության հետ կապ չունի, կապ ունի միայն առաջիկա ընտրությունների հետ»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։



