«Մնային` մինչ վերջին արցախցին սպանվեի՞ն՝ լավ զգայի՞ք». «Փախել են, չեն կռվել». Լրագրող-Փաշինյան բանավեճ
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց են տվել նրան 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի հայաթափմանը միտված ադրբեջանական ռազմական գործողությունների և արցախցիների կռվել-չկռվելու վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նախ ասել է, որ այս թեմային չի ուզում անդրադառնալ, այնուհետև շարունակել է.
«2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները: Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, կարող է լինել… տոկոս, մնացել են ձեռք չտված: Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում, ՀՀ ԱԺ-ում շնորհավորում էին իրար: Եվ այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան: Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»:
Այս համատեքստում Փաշինյանը չի համաձայնել այն պնդումների հետ, թե Արցախում Ադրբեջանը ցեղասպան գործողություններ է իրականացրել:
«Բավարար է՝ մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանության մասին տվյալներով: Եվ, ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել: Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ: Ցեղասպանությունների մասին խոսույթով, ի դեպ, դժվար է ասել՝ որը որից հետո է եղել, մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով՝ ստանում ենք վերադարձի մասին խոսույթ:
Իսկ էդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի՝ այդ տվյալները կգաղտնազերծենք: Ես համոզված եմ, այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»,- պնդել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում



