Գյումրիում հափշտակված կենսաթոշակների գումարի չափը հասնում է 90 միլիոնի
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ:
Գլխավոր դատախազության տարածած տեղեկատվության համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով նույն բաժնի օպերատոր Արթուր Աբրահամյանի հետ, 2007-2009թթ. ընթացքում վերջինիս միջոցով կենսաթոշակների վճարման շտեմարանից առանձնացրել է երկար տարիներ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները և այդ կենսաթոշակառուների անվամբ պատրաստել կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ:
Է.Վարժապետյանը նշված փաստաթղթերը հանձնել է Ա.Աբրահամյանին, ով առանձնացված կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկել է համապատասխան վճարային ցուցակներում, կեղծ ստորագրություններով հաստատել վճարման փաստը, ստացել կենսաթոշակի գումարները և ստացված գումարները փոխանցելով Է.Վարժապետյանին` յուրացման եղանակով հափշտակել թվով 9 կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի` կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև` կատարել պաշտոնեական կեղծիք:
Հետագայում Ա.Աբրահամյանը, քրեական գործի նյութերի համաձայն, Է.Վարժապետյանի հանձնարարությամբ կենսաթոշակային շտեմարանում անհիմն ելքագրած և հափշտակված գումարների վճարային տվյալները ջնջել է: Ըստ պայմանավորվածության` հափշտակված գումարներից Է.Վարժապետյանն Ա.Աբրահմյանին տվել է ստացված գումարի 10 տոկոսը:
Նախաքննության տվյալներով` ժառանգության վճարային ստորաբաժանման պատասխանատու Ռ.Մնացականյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2008-2010թթ. ընթացքում տեղյակ լինելով նույն ստորաբաժանման տեսուչ-վճարողներ Կիմա Փիլոյանի և Անյա Խաչատրյանի կողմից օպերատոր Արթուր Աբրահամյանին կենսաթոշակառուների անվամբ կենսաթոշակների գումարների անհիմն վճարման, նշված անձանց ստեղծած խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մասին, չի կանխել պետական բյուջեի միջոցների անհիմն ելքագրումն ու հափշտակությունը:
Ընդհակառակը` իր փաստացի կնոջից` Կիմա Փիլոյանից, և Անյա Խաչատրյանից ընդունել և հաստատել է կենսաթոշակի, թաղման նպաստի, մահվան պատճառով չստացած կենսաթոշակի` ժառանգվող գումարների անհիմն վճարման վերաբերյալ հաշվետվությունները, դրանց վերաբերյալ վճարումների ծառայություն է ներկայացրել հաշվետվություններ, ստորագրել հաշվարկների ակտեր: Այսպիսով` Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը և Արթուր Աբրահամյանը հնարավորություն են ստացել խմբով յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափի կենսաթոշակի գումարներ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով:
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով,
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով,
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և նկատի ունենալով, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` Անյա Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 91 560 299 ՀՀ դրամ, որից 3 000 000 դրամն Է.Վարժապետյանը նախաքննության ընթացքում վերականգնել է: Մնացած 88 560 299 դրամը նշված 4 մեղադրյալներից բռնագանձելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը: