Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ
Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար, նշում է՝ Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։
Տեր Հոր խոսքով՝ Աստված միշտ պատրաստ է լսելու մեր աղոթքը, բայց այդ լսելիությունը պահանջում է մեր սրտի անկեղծությունն ու հաստատակամությունը։
««Տերն ինձ լսեց և ողորմեց, Տերն ինձ օգնական եղավ» (Սաղմոս 29:11)։
Մեծ Պահքի այս օրերը մեզ հիշեցնում են մի կարևոր հոգևոր ճշմարտություն։ Աստված միշտ պատրաստ է լսելու մեր աղոթքը, բայց այդ լսելիությունը պահանջում է մեր սրտի անկեղծությունն ու հաստատակամությունը։ Դավիթ թագավորը, լինելով հզոր առաջնորդ, շրջապատված լինելով անթիվ թշնամիներով ու բազմազբաղ հոգսերով, երբեք թույլ չտվեց, որ աշխարհիկ աղմուկը խլացնի իր աղոթքի ձայնը։ Նա ուներ աղոթքի հստակ ժամանակ, երբ թագավորական թագն ու գավազանը մի կողմ դնելով՝ կանգնում էր Արարչի առջև որպես պարզ ու անկեղծ հավատացյալ։ Այդ անկեղծությունն էր, որ բացում էր Երկնքի դռները։
Նա մեզ սովորեցնում է, որ ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար։ Երբ մենք ևս, Դավիթ թագավորի նման, կարողանում ենք մեր առօրյա վազքի մեջ գտնել այն առանձնության պահը, որտեղ մեր հոգին խոսում է առանց ձևականության, տեղի է ունենում մեծագույն հրաշքը, մենք սկսում ենք լսել Աստծուն, իսկ Նա պատասխանում է մեր աղոթքին։
Երանի՜ մեզ, եթե այս պահքի ընթացքում մեր հաստատակամության շնորհիվ կարողանանք Դավթի պես հաստատել, որ Տերը լսեց մեր ձայնը, և պահքից դուրս գանք Նրա առատ ողորմությունն ու օգնականությունը ստացած»,- նշել է Տեր Աբրահամը։



