Ալավերդիում տեղի ունեցավ Հովսեփ Շարմազանովի անվան երրորդ հուշամրցաշարը
Ալավերդիում երկու օր առաջ տեղի ունեցավ Հովսեփ Շարմազանովի անվան ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ խաղն ու հանդիսավոր փակումը:
Հովսեփ Շարմազանովը Ալավերդու «Մետալուրգի» ֆուտբոլիստ է եղել, և արդեն երեք տարի է, որ նրա որդիները` Էդուարդ և Էրիկ Շարմազանովները կազմակերպում են հուշամրցաշարը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, հուշամրցաշարի խնդիրն է քաղաքում պահպանել և զարգացնել ֆուտբոլի լավագույն ավանդույթները:
Ամեն տարի մրցաշարը մայիսին էր կազմակերպվում, սակայն այս տարի այն հունիսին մեկնարկեց: Պատասխանելով մարզասերների հարցերին` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ պատճառը ընտրություններն էին:
«Սպասեցինք, որ բոլոր համապետական ընտրությունները ավարտվեն, թե չէ հաստատ կքաղաքականցնեին»,- ասաց Շարմազանովը:
15 թիմ էր մասնակցում հուշամրցաշարին, որոնցից հաղթողներ ճանաչվեցին Ալավերդու մարզադպրոցի, «Հայպետշին թաղամասի» և «Սանահին սարահարթի» թիմերը:
Հաղթողներին մեդալներն ու մրցանակները հանձնեցին «Արարատ-73» լեգենդար թիմի խողացողները: Մեկ առ մեկ հնչեցին նրանց անունները և մարզադպրոցում գտնվողները հոտնկայս ծափահարեցին նրանց: Հատուկ մրցանակներ էին պատրաստել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետարանը:
«Լավագույն հարձակվող» ճանաչված Վահե Մարգարյանին մրցանակը հանձնեց Էդուարդ Մարգարովը: Վահեի խոսքով` իր համար մեծ պատիվ էր շփվել անվանի ֆուտբոլիստի հետ: «Գիտեք, միջոցառումներ մեր քաղաքում քիչ են լինում, մանավանդ, որ քեզ լեգենդար ֆուտբոլիստ ա հանդիպում, խոսելն էլ ես մոռանում»,- ասաց նա: