Պահանջում են մեղադրանք առաջադրել բժիշկներին

Մասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի հարազատները պահանջում են բուժանձնակազմի՝ բուժող բժշկի և մնացած բժիշկների դեմ մեղադրանք առաջադրել և լուծել նրանց խափանման միջոցի հարցերը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, տուժող կողմն այս առնչությամբ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ գործում առկա ապացույցները՝ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ու քննությամբ ձեռք բերված ապացույցները, բավարար են՝ մեղադրանք առաջադրելու համար: Ի.Պետրոսյանը նշեց, որ դեռևս չի ստացվել ապրիլի 29-ին նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, սակայն, ըստ նրա, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն իսկ հաստատել է, որ Ցոլակ Մկրտչյանը եղել է առողջ և մահը վրա է հասել անաֆիլակտիկ շոկի հետևանքով, ինչն իր հերթին առաջացել է բարալգետասի միջերակային ներարկումից:

Տուժողն ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն. երիտասարդը տառապում էր դեղորայքային ալերգիայից և ձեռնպահ էր մնում տնային պայմաններում որևէ դեղ ընդունելուց: Բժշկական կենտրոնում էլ ապրիլի 3-ի լուսադեմին երիտասարդը մահացել էր:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս