Նիկոլ Փաշինյանի համար Խամենեիի մահը չցավակցելը «սկզբունքայի՞ն» է. Հակոբ Բադալյան
«Նիկոլ Փաշինյանի համար Խամենեիի մահը չցավակցելը «սկզբունքայի՞ն» է,- իր թելեգրամի էջում այս հարցադրումն է հնչեցրել վերլուծաբան Հակոբ Բադալյանը և մանրամասնել,– Իրանի Գերագույն հոգեւոր նոր առաջնորդի ընտրության առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբ Խամենեիին: Լավ է իհարկե, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ չի սպասել երկու օր, ինչպես Իրանին Խամենեիի մահվան համար ցավակցելիս:
Բայց, ուշադրության է զարնում մի տարօրինակ հանգամանք: Տրամաբանությունը հուշում է, որ հատկապես հաշվի առնելով նորընտիր առաջնորդի՝ սպանված առաջնորդի որդին լինելու հանգամանքը, նրան հղած շնորհավորական ուղերձը ուղեկցվի ոչ միայն շնորհավորանքով, այլ նաեւ հոր եւ նախորդ առաջնորդի մահվան առիթով ցավակցական երկու բառով գոնե:
Օրինակ, ցավալիորեն դարձյալ ուշադրության արժանացնենք Ալիեւի շնորհավորական ուղերձը, որում նա հարկ է համարում եւս մեկ անգամ ցավակցել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի համար ըստ երեւույթին «սկզբունքային» է Խամենեիի մահվան առիթով չցավակցելը, ու եթե շատ անհարմար ու աղաղակող չլիներ, նա գուցե չէր ցավակցի նրա մահվան առիթով՝ թեկուզ երկու օր ուշացումով: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ չի այցելել Իրանի դեսպանատուն ու գրառում չի արել այդ երկրի Գերագույն հոգեւոր առաջնորդի, այլ սպանված պաշտոնյաների ու բազմաթիվ քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների մահվան առիթով:
Չի գտնվում տրամաբանությանը ենթակա որեւէ այլ բացատրություն, քան այն, որ այդ մահերի պատճառը օգոստոսի 8-ի «վկան» է՝ Դոնալդ Թրամպը»:



