Վանաձորի ավագանին տապալեց քաղաքապետի նախաձեռնած արտահերթ նիստը
Երեկ նշանակված Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը չկայացավ` անդամների` կեսից ավելիի բացակայության պատճառով: Ավագանու 21 անդամներից նիստին ներկայացել էին 8-ը: 35 րոպե ուշացումով նիստը բացելով` քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտարարեց, որ քվորում չի ապահովվում, ուստի` նիստը հետաձգվում է և վերանշանակվում հունիսի 18-ին: Հաջորդ նիստը, սակայն, նրա խոսքով, ոչ թե արտահերթ կլինի, այլ հերթական:
Մեկ անգամ չէ, որ ավագանու անդամները դժգոհել են օրենքով սահմանված 1-շաբաթյա ժամկետից, որը բավարար չէ օրակարգի հարցերն ըստ էության ուսումնասիրելու համար, ուր մնաց արտահերթ նիստի դեպքում սահմանված 1-օրյա ժամկետը` օրակարգային 16 հարցի համար: Ավագանու անդամներից Վահագն Դավիթավյանն, օրինակ, շաբաթ օրն է տեղեկացել նիստի մասին, Արամ Խաչատրյանն` ընդամենը երեկ:
Չնայած նիստից իրենց բացակայության համար ավագանու անդամներն անձնական պատճառաբանություններ են բերում, բայց ավելի շատ կազմակերպված ձևով նիստը տապալելու տպավորություն էր ստեղծվում: Եվ կարծես թե առաջին դեպքն էր, որ անակնկալի եկած քաղաքապետը հայտարարեց նիստի չկայանալու մասին:
ՏԻՄ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում: Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ: Ավագանու անդամների բացակայությունից պարզ դարձավ, որ օրակարգի հարցերի և որոշման նախագծերի հետ նրանք կապ չունեն, հեղինակը քաղաքապետն է՝ իր ենթակաների հետ:
Օրակարգում ընդգրկված էին դեռևս նոյեմբերից հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու նախագծեր, այդ թվում` բյուջետային հիմնարկների աշխատակիցների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:
Մյուս հարցերը համայնքային գույքի տնօրինմանն էին վերաբերում, ինչպես` համայնքի հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու, Ոստիկանության Լոռու մարզային վարչությանը տարածք տրամադրելու վերաբերյալ նախագծերը: