Բաժիններ՝

Շիրակի մարզի 10 գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը, նրանք պահանջում են Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին

Շիրակի մարզի Ամասիայի շրջանի գյուղերի բնակիչները այսօր ի նշան բողոքի փակել են Ամասիայից Գյումրի բերող ճանապարհը և պահանջում են, որ Ամասիա ներկայանան Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Ինչպես փոխանցում է  ԳԱԼԱ-ն, նրանք բողոքում են առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից, իսկ ամասիացիներին բոլորից շատ զայրացրել է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան կաթ մթերող ընկերություններից իմացել են, որ կաթը գյուղացուց մթերելու են ոչ թե 150, այլ 140 դրամով:

«Ճիշտ հասկացեք, մեր քյարը էդ 10 դրամն է, առանց այն էլ եկամուտ չունենք, կովը պահում ենք, տանջվում, չարչարվում ենք, թրիքը թափում ենք, մեկ լիտր կաթը ավելի էժան է, քան խանութում ջուրը: Սա ինչ խայտառակություն է: Այսօր հրաժարվել ենք, բոլորին մեր գյուղից քշել ենք և այլևս կաթ չենք տալիս էդ Ազատանի ընկերություններին: Մենք հասկանում ենք, որ ձուկը գլխից է հոտած, էդ ընկերություններից չէ վատությունը, այլ համակարգն է փտած…Բողոքում ենք ու պահանջում, որ ստեղ ներկայանա ղեկավարությունը»,-բողոքում են ավտոճանապարհը փակած գյուղացիները:

Ինչպես Ամասիայից տեղեկացնում է ԳԱԼԱ-ի լրագրողը` բողոքի ցույցին մասնակցում են Ամասիայի շրջանի 10 գյուղերի բնակիչներ: Նրանք հայտարարում են, որ եթե իշխանությունները չմիջամտեն և կաթի մթերման գինը չբարձրանա, համընդհանուր մորթ կսկսեն:

«Մենք խոստանում ենք, որ եթե տեր չլինեն, կմորթենք բոլորս մեր անասուններին ու կթողնենք, կգնանք: Առանց այն էլ Ամասիայում ապրելու տեղ չէ, սա սահման է, սահման, հասկացեք, ստեղ գտնվող ամեն գյուղացի սահմանապահ է, մեզ պտի մի բան էլ պարգևատրեին ստեղ մնալու համար: 8 ամիսը ձմեռ է ստեղ, ամառը՝ կարճ, արոտավայրեր չունենք, եթե թողնենք գնանք գյուղերը կդատարկվի, սա սահման է, հասկանու՞մ եք` ինչ կլինի: Վարչապետը մի ժամանակ գալիս-գնում էր այս կողմերում, հիմա ոչ գալիս է, ոչ երևում, անգամ խոստումներ էլ չեն տալիս, հասկանու՞մ եք: Նույնիսկ մեր նոր մարզպետի անուն-ազգանունը չգիտենք, հասկանու՞մ եք` ինչ անտերություն է…»,-բողոքում են նրանք:

Նշենք նաև, որ այսօր գյուղացիները ընդհանրապես հրաժարվել են կաթ մթերել, նրանք փակել են ճանապարհը և ետ են դարձրել կաթ մթերող բոլոր ավտոմեքենաներին: Գյուղացիները, ինչպես փոխանցում է  ԳԱԼԱ-ի թղթակիցը , նստել են ճանապարհներին: Տեղում ոստիկանական խմբեր և անգամ մարզպետարանից աշխատակիցներ  չկան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս