Պռոշյանում և Հովիտում հուլիսի 14-ին գյուղապետ կընտրեն

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Շիրակի մարզի Հովիտ համայնքներում տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ:

Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումը կսկսվի հունիսի 19-ին և կտևի մինչև հունիսի 23-ի ժամը 18-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 23-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում:

Պռոշյան համայնքի ղեկավարի 2012 թ.-ի սեպտեմբերի 23-ի ընտրության արդյունքում ընտրված նախկին գյուղապետ, 1963 թ. ծնված Հրաչ Մուրադյանը սպանվել է հրազենից ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի դիմաց:

Կառավարության մայիսի 2-ի որոշմամբ, 3 950 ընտրող ունեցող Պռոշյանում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլն 112 հազար 202.5 դրամ, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 405 հազար 467.5 դրամ։

Հովիտի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Պետրոսյանի լիազորությունները կառավարության ապրիլի 25-ի որոշմամբ համարվել են վաղաժամկետ դադարեցված։ 2011 թ.-ի հունիսի 26-ի ընտրության արդյունքում Հովիտի գյուղապետ ընտրված Ս. Պետրոսյանը 2013 թ.-ի փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել:

392 ընտրող ունեցող Հովիտում գյուղապետի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ԿԸՀ-ին կհատկացվի 615 հազար 118.8 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1 հազար 528.8 դրամ։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Տեսանյութեր

Լրահոս