«Տղավարի» կանգնել է Սուրեն Խաչատրյանի կողքին. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գորիսի դեպքերին նախորդած հայտնի ճաշին չի մասնակցել Արտակ Բուդաղյանը, իսկ Ավոյին ինքը` Սուրիկ Խաչատրյանն է ճաշի հրավիրած եղել: Ճաշի ընթացքում տեղի ունեցած վեճից հետո նա և Լիսկան նույն ավտոմեքենայով գնացել են Գորիս, ճանապարհին էլի են վիճել. Լիսկան, որ նույնպես շատ խմած է եղել, ավտոմեքենայից իջեցրել է Ավոյին, ասել է` խմած ես, գնա տուն, հետո կգաս՝ կխոսենք,- պատմում է օրերս Ս. Խաչատրյանին հանդիպած մեր աղբյուրը:
Կմնա՞ Խաչատրյանը Գորիսում, թե՞ կտեղափոխվի Երևան` հարցրինք նրան: «Չէ,- ասաց,- Գորիսում է ապրելու»: Մեր աղբյուրը տեղեկացրեց նաև, որ դեպքի առավոտյան բոլոր մարզպետները մեկ մարդու նման գնացել են Գորիս` Սուրիկ Խաչատրյանին «մարդկայնորեն աջակցելու»: Տավուշի մարզպե՞տն էլ: «Ինքն էլ»: Իսկ մարզպետաց մարզպետը` Արմեն Գևորգյա՞նը: «Արմեն Գևորգյանից Սուրիկ Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ. ասում էր` տղավարի կանգնել է կողքս»:
Ի դեպ հիշեցնենք. երբ 2008-ին անչափահաս երեխայի ծեծելու առնչությամբ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել Խաչատրյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը՝ կրկին «տղավարի», «մարզպետի կողքին էր կանգնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: