Փափուկ բարձ Տիգրան Սարգսյանից
Ինչպես արդեն տեղեկացնում է ԳԱԼԱ-ն` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ազատամարտիկներից կազմված հինգ հոգանոց խմբին: Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ: Ավարտից հետո ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ներկայացրել է հանդիպման մանրամասները:
«Բոլոր այդ բարձրացված հարցերը պարզաբանել ենք, զրուցել ենք մանրամասն, ինքն էլ իրոք մտահոգված էր այս իրավիճակի համար, մենք հասկացանք, որ ինքը ևս ցանկություն ունի մեզ օգնելու: Խնդիրներ դրեց իր աշխատակիցների առաջ և նշեց, որ մեկ ամիս հետո նորից կհանդիպենք: Այս վիճակը ընդհուպ մինչև պայթունավտանգ է, ինքն էլ ընդունեց, որ իրոք բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ կան, չգիտեմ, սպասենք մեկ ամիս և կգնանք` կտեսնենք: Այս ընթացքում մեր պայքարը մենք մեր ձևով կշարունակենք, որ չմտածեն, թե…»,- ասել է նա:
Մեր հարցին, թե կոնկրետ որևէ լուծման տարբերակ չի՞ առաջարկել Տիգրան Սարգսյանը, Վոլոդյա Ավետիսյանը պատասխանել է. «Այո´, ոչ մի կոնկրետ բան չի ասել, ցանկություն հայտնեց, որ օգնի: Մենակ ժամանակ ասաց, տեսնենք: Մենք էլ ասացինք, որ մեզ գործնական մոտեցում է պետք, ոչ թե խոսքեր: Մարդիկ պետք է տեսնեն, թե ինչ են անում իրականում»:
Իսկ ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը նշել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղղակի փափուկ բարձ է դրել իրենց գլխի տակ և ուղղակի փորձում են ժամանակ շահել: «Դա էլ կա, մենք դա հասկանում ենք, բայց իրա մոտեցումները մի քիչ ուրիշ են, ընդհանուր շղթա կա, որը պետք է քանդվի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ազատամարտիկները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել եւ պահանջել, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը անձամբ իջնի եւ հանդիպի իրենց հետ: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, գործադիրի ղեկավարն այդպես էլ ներքեւ չիջավ: