«Ոչ մի ինտրիգ չկա»,- ասում է Դավթաշենի թաղապետը. մամուլ
ԶԼՄ-ներից մեկում օրերս տեղեկատվություն էր տարածել, որ իբր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին ազատել, քանի որ ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն քիչ ձայներ է հավաքել։ «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նշել է, որ դրանք ստահոդ լուրեր են։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ձեր քաղաքական մրցակիցների՝ ԲՀԿ-ի սարքած ներքին ինտրիգները, մուտիլովկաները լինեն, Ռ.Բաղդասարյանը պատասխանել է. «Բացարձակ։ Ոչ մի ինտրիգ չկա։ Ես գործող թաղապետ եմ, քաղաքապետն էլ իմ աշխատանքից գոհ է։ Եթե գոհ չլիներ, ինձ կասեր։ Անհիմն, ստահոդ լուրեր են։ Չեմ հասկանում, թե ով է տարածում»։
«Հրապարակը» նաև հարցրել է՝ Ձեր անվան հետ շատ են կապում ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին, որը Ձեր քեռորդին է։ Ձեր ինքնուրույնությանը սա չի՞ խանգարում։
– Չի խանգարում։ Նույնիսկ օգնում է։ Նա եղել է փորձառու թաղապետ։ Ես որ կարողացել եմ աշխատանքն այս մակարդակի պահել, միայն նրա օգնության հաշվին։ Ճիշտ է՝ ես ծանոթ եմ եղել համակարգին՝ վաղ տարիքում ավագանի եմ ընտրվել, հետո թաղապետի տեղակալ, Երևանի ավագանու անդամ եմ եղել, բայց ես որ նստել եմ, ոչ մի խնդիր չեմ ունեցել, բոլոր հարցերում դիմել եմ նրան։
– Օրինակ, ի՞նչ հարցերով։
– Օրինակ՝ այգիների նորոգման։ Ասում եմ, օրինակ, նստարանները ո՞նց դնենք, կամ խաղահրապարակը, կամ ավազային հատվածը մանր երեխաների համար, որ լավ լինի։ Կարող է թվալ, թե մանր հարցեր են, բայց հետո վերջնական արդյունքում դուրս է գալիս, որ իր խորհուրդները տեղին էին։ Նա էլ պատգամավոր մարդ է, բայց չի զլանում, ամեն հարցում գալիս-օգնում է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: