ՔՕ համաձայն՝ դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով. Փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն, որ պատարագին հնչի կաթողիկոսի անունը, կարող են բարձրաձայնել այդ մասին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։

Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։

Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։

Հ․Գ․ Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելո՞ւ է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։

Նախապես տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»։

Տեսանյութեր

Լրահոս