Լեհաստանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռ է կալանել
Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերի կործանիչները դեկտեմբերի 25-ին օդ են բարձրացել՝ նկատելով Բալթիկ ծովի երկնքում թռչող ռուսական հետախուզական ինքնաթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Այսօր առավոտյան Բալթիկ ծովի միջազգային ջրերի երկնքում լեհական կործանիչները կալանել, տեսողականորեն նույնականացրել և իրենց պատասխանատվության գոտուց դուրս են ուղեկցել Լեհաստանի Հանրապետության օդային տարածքի մոտ թռչող Ռուսաստանի Դաշնության հետախուզական ինքնաթիռը», – նշվում է հայտարարության մեջ։
Հրամանատարությունը հավելում է, որ գիշերը դիտարկվել են օբյեկտներ, որոնք Լեհաստանի օդային տարածք էին մտնում Բելառուսի ուղղությունից։ Մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, մաքսանենգ օդապարիկներ էին, որոնք շարժվում էին քամու ուղղությանը և արագությանը համապատասխան. բոլոր օբյեկտների թռիչքը անընդհատ վերահսկվել է ռադարային համակարգերի կողմից։
«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը մշտական կապի մեջ է մնում համապատասխան ծառայությունների հետ, իրականացնում է տեղեկատվության մշտական փոխանակում և տրամադրում է դիտարկված օբյեկտների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությանը որևէ սպառնալիք չի հայտնաբերվել», – նշվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռների բոլոր թռիչքները կատարվում են միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ։
