ՊՆ-ն հաստատում է՝ Վիգեն Սարգսյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացրել

Պաշտպանության նախարարությունը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան է հատկացրել։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին երկուսենյականոց բնակարանը հատկացվել է 2018-ի սկզբին՝ պաշտպանության նախարարի հրամանով։ Նշենք, որ այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը։ Խնդրել էինք նաև նշել բնակարանի շուկայական արժեքը, բայց հայտնել են, որ նման տեղեկատվություն առկա չէ։

Պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այլ հոգևորականներ բնակարաններ չեն ստացել։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն 8 եպիսկոպոսներից է, որ նոյեմբերի 27-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին։ Մամուլում հրապարակումներ կան, որ եպիսկոպոսին սպառնացել են զրկել բնակարանից, եթե չմիանա Փաշինյանի՝ եկեղեցին բարենորոգելու ծրագրին։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացել է 2008 թվականի օգոստոսի 24-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում։

2021 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Աբրահամյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից և նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։

Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու պահանջով։

Տեսանյութեր

Լրահոս