Ոստիկանապետը ցանկացել է նաև «մեսիջ» փոխանցել Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, տեղ չի հասել. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար էական չէ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «ջրից չո՞ր դուրս կգա», թե՞ ոչ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, թե Գորիսում մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան կողքը հնչած կրակոցները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում կառավարման համակարգը իրեն վաղուց սպառել է` դարձել է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող կառույց, որտեղ բոլոր տեսակի հարաբերությունները ձևախեղվում են:

«Գործող համակարգում նման դեպքերը շարունակվելու են: Այս դեպքն էլ ցույց տվեց, որ Հայաստանում կառավարման համակարգը կրիմինալ անձանց միջոցով է կատարվում. մի որոշ ժամանակ առաջ տեսանք` ինչպիսի դեպքեր եղան Գյումրիում: Մի խոսքով` եթե լինեին նորմալ հարաբերություններ, ամեն ինչ դրված լիներ օրենքի գերակայության, օրենքի կողմից կառավարման մեխանիզմների մեջ, ապա նման դեպքեր չէին գրանցվի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ Գորիսում տեղի ունեցածը ցավալի էր, բայց արդեն ոչ եզակի:

«Եթե տարիներ շարունակ այս նույն մարզպետը իշխանության վերարտադրություն է ապահովում այս մարզի շրջանակներում, նման դեպքերը պետք է տեղի ունենային: Իսկ նմանատիպ հարաբերություններով կառավարվող վայրում, կարծում եմ, մենք կորցնում ենք ամենակարևոր բաղադրիչը` միասնականությունը, համաձայնությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրեր առաջ 168.am-ի հարցին ի պատասխան, թե մարզպետների շարքում «գողականներ» կա՞ն, բացասական պատասխան էր տվել, իսկ մասնավորապես Ս. Խաչատրյանի հասցեին ասել էր, թե «ինքը գողական չի, ինքը մարզպետ ա»: Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե փաստորեն այս դեպքը հակառա՞կն է ապացուցում: Ի պատասխան «Ժառանգության» փոխնախագահն ասաց. «Այն հասկացողությունը, որը ժամանակին իմացել ենք գողական աշխարհի մասին, արդեն արդիական չէ: Հին օրենքներով գողական աշխարհի ներկայացուցիչները բիզնեսով չպետք է զբաղվեն, էլ չեմ ասում` պաշտոն ունենան: Ըստ էության, ոստիկանապետն այս առումով ճիշտ է ասել: Կարծում եմ` ոստիկանապետը, հավանաբար, ցանկացել է նաև մեսիջ փոխանցել, որը, սակայն, տեղ չի հասել: Միգուցե ոստիկանապետը Սուրեն Խաչատրյանին փորձել է սրանով ասել, որ դու մարզպետ ես ու նմանատիպ վարքագծով, որով նախկինում հանդես ես եկել, այլևս չպետք է շարունակես գործել, կամ Վ. Գասպարյանը, որպես թիմի ներկայացուցիչ, փորձել է իր գործընկերոջն օգնել: Այո, ոստիկանապետը նման գնահատական է տվել, բայց ավելի կարևոր է` ի՞նչ գնահատական է տալիս ժողովուրդը նրան, մամուլը, և քանի որ ինքը իշխանությունների վերարտադրման կարևորագուն օղակներից է, բնականաբար, անպատժելիության ոլորտից Ս. Խաչատրյանը օգտվում էր»:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե արդյոք կձերբակալե՞ն Ս. Խաչատրյանին, թե՞ ոչ, Արմեն Մարտիրոսյանը նշեց, դժվարացավ պատասխանել, որովհետև այդ հարցը, նրա խոսքով, օրենքի շրջանակներում չի որոշվում, հակառակ դեպքում Ս. Խաչատրյանը վաղուց պատասխանատվության կենթարկվեր տարբեր հանգամանքերով:

Տեսանյութեր

Լրահոս