FlyGeorgia ավիաընկերությունը 2 օր է Դուբայում է թողել ՀՀ 7 և Վրաստանի 10 քաղաքացիների
Tert.am -ին են դիմել Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ Արաբական Միացյալ էմիրություններում հայտնվել են անելանելի դրության մեջ:
Քաղաքացիներն օգտվել էին վրացական FlyGeorgia ավիաընկերությունից, և Դուբայից հետադարձ թռիչքը պետք է կայանար կիրակի առավոտյան՝ Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն թռիչքը նրանց համար անհասկանալի պատճառով չի կայացել: Մի քանի ժամ Դուբայի օդանավակայանում սպասելուց հետո տեղի սպասարկող անձնակազմը հայտնել է, որ թռիչքը հետաձգվում է և որ քաղաքացիներին հյուրանոց կտրամադրվի, մինչև թռիչքը կայանա:
«Սակայն արդեն երկրորդ օրն է՝ լուր չունենք: FlyGeorgia ընկերության ներկայացուցիչը չկա, չգիտենք՝ ում հետ կապ հաստատենք,: Դուբայի օդանավակայանը չունի որևէ տեղեկություն դեպի Թբիլիսի թռիչքների մասին: Էլեկտրոնային ժամատախտակներից, անհետացել են Դուբայ-Թբիլիսի բոլոր թռիչքները և պարզ չէ, թե երբ կլինի»,- տեղեկացրել են ՀՀ քաղաքացիները: Նրանք են. Դավիթ Խաչատրյան, Արմեն Սարգսյան, Տաթևիկ Պապյան, Քրիստինե Մուրադյան, Հայկ Սարգսյան, Գարիկ Խաչատրյան, Հակոբ Տերտերյան։
Նրանք գրել և զանգեր են կատարել Թբիլիսի՝ «հետադարձ կապի միջոցներով, սակայն ոչ մի պատասխան»:
Բացի հայաստանցի քաղաքացիներից, նույն վիճակում են հայտնվել նաև Վրաստանի տասը քաղաքացիներ:
Tert.am-ը կապվեց Թբիլիսիում FlyGeorgia ավիաընկերության հետ, որի ներկայացուցիչը հայտնեց, թե թռիչքը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, և որ այսօր թռիչքը կիրականացվի:
Այլ հարցերի, մասնավորապես, թե ի՞նչն է պատճառը, որ իրենց ընկերության ներկայացուցիչն ուղևորների հետ չի հանդիպել, ո՞վ է հոգալու Դուբայում երկու օր հավելյալ մնալու ծախսերը, վրացական ավիաընկերությունից խոստացան պատասխանել ավելի ուշ:
ՀՀ քաղաքացիները խնդրել են կատարվածի մասին տեղեկացնել ՀՀ արտգործնախարարությանը:
Tert.am-ը կատարվածի մասին Facebook-ի միջոցով տեղեկացրել է նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին, սակայն պատասխան դեռ չենք ստացել: