Հայաստանը դարձել է Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիան վավերացրած 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյին է հանձնել ԱՄԿ թիվ 190 «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիայի վավերագրի բնօրինակը։

Այս մասին հայտնում է մշտական ներկայացուցչության գրասենյակը։

Արարողությանը հաջորդած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ այս կարևոր քայլը արտահայտում է Հայաստանի անշեղ հանձնառությունը՝ ապահովելու արժանապատվություն, հավասարություն և անվտանգություն աշխատանքի աշխարհում։ Նա շեշտել է, որ ոչ մի աշխատող չպետք է բախվի բռնության կամ ոտնձգության, իսկ մարդկանց նման երևույթներից պաշտպանելը կարևոր է ներառական և արդար հասարակություններ կառուցելու համար։

Դեսպան Տոլմաջյանը հավելել է, որ այս կարևոր կոնվենցիան վավերացնելով՝ Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը գենդերային հավասարության առաջմղմանը, հիմնարար իրավունքների պաշտպանությանը և այնպիսի աշխատանքային միջավայրերի ձևավորմանը, որտեղ գերակշռում են հարգանքն ու արդարությունը։

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել ԱՄԿ և միջազգային այլ գործընկերների հետ՝ այս հանձնառությունը վերածելու գործնական քայլերի և նպաստելու արժանապատիվ աշխատանքի համաշխարհային մշակույթի առաջմղմանը։ ԱՄԿ գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն ջերմորեն ողջունել է Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը։

«Այս կարևոր քայլով Հայաստանը հստակ ուղերձ է հղում, որ բռնությունն ու ոտնձգությունը չունեն աշխատանքի աշխարհում։ Վավերացումը կուժեղացնի բոլոր աշխատողների և աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց պաշտպանությունը։ ԱՄԿ-ը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի կառավարությանը՝ գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ միասին, ապահովելու այս պատմական կոնվենցիայի արդյունավետ իրականացումը»,- նշել է Հունգբոն։

Թիվ 190 կոնվենցիան ընդունվել է 2019 թվականին և հանդիսանում է առաջին միջազգային շրջանակը, որը նպատակ ունի կանխել և վերացնել բռնությունն ու ոտնձգությունը, ներառյալ՝ գենդերային, աշխատանքի աշխարհում, և պաշտպանել բոլոր աշխատողների ու աշխատանքի աշխարհում ներգրավված այլ անձանց արժանապատվությունն ու իրավունքները։

Հայաստանը դառնում է 54-րդ ԱՄԿ անդամ պետությունը, որը վավերացնում է կոնվենցիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031