Բաժիններ՝

Հունիսի 1-ը գունավոր ժպիտներով և արևային տրամադրությամբ՝ հոգեկան առողջության կենտրոնում

13-ամյա Աննան (անունը փոխված է) հուզված կրկնում էր երգի բառերն ու պատրաստվում իր ելույթին: Հունիսի 1-ին իր ընկերների և մյուս հյուրերի համար երգել է «Արևների ժպիտը» երգը: Վարքի խանգարում և մանկական ուղեղային կաթված ունեցող Աննան ¦Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում գործող Ցերեկային կենտրոնի այցելուներից է: Հունիսի 1-ը նրա սիրած տոներից է: Ասում է, որ անհամբերությամբ էր սպասում այս օրվան:

Հեքիաթային հերոսների, ծաղրածուի մասնակցությամբ զվարճալի համարներ և խաղեր, երգ ու պարեր… Երեխաների պաշտպանության միջազգային օրը յուրահատուկ կերպով նշվեց Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի (ՍՂՀՀ) «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ կազմակերպվել էր տոնական միջոցառում Ցերեկային կենտրոնի այցելուների և Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների համար:

Intra01

«Մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է դարձել հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպել Ցերեկային կենտրոնի այցելուների, մանկատան սաների և հասարակության այլ խոցելի խմբերի համար: Նրանց համար շատ կարևոր է զգալ ջերմ ու հոգատար վերաբերմունք, իմանալ, որ իրենք միայնակ չեն, իսկ նման միջոցառումները լավագույնս են նպաստում դրան: ՍՂՀՀ-ում գործող երիտասարդ հոգեբանների կամավորական ակումբի անդամները շուրջ մեկ տարի ամեն շաբաթ այցելում են Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուր զարգացման ու շտկողական աշխատանքներ են անցկացնում երեխաների հետ»,- նշում է ՍՂՀ հիմնադրամի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը:

«Այս կետրոնի շեմն անցնելիս՝ հայտնվում ես բարյացկամության և ներդաշնակության մթնոլորտում՝ շրջապատված բարձրակարգ մասնագետներով: Կենտրոն հաճախում ենք շուրջ երկու տարի ու այս ընթացքում երեխայիս հոգեվիճակը բավականին բարելավվել է: Նա սիրով սպասում էր այսօրվա միջոցառմանը», -նշեց կենտրոնի այցելուներից մեկի մայրը:

Ինթրա հոգեկան առողջության (ՀԱ) կենտրոնը հիմնադրվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի hիշատակի hիմնադրամի կողմից։ Ինթրա ՀԱ-ի ցերեկային կենտրոնի նպատակն է աջակցել հոգեկան խնդիրներով տառապող և մտավոր սահմանափակումներ ունեցող մարդկանց առողջության վերականգնմանն ու ինտեգրմանը: Կենտրոնում անհատական և խմբային խորհրդատվությունից բացի, այցելուների համար կազմակերպվում են հմտություններ զարգացնող և ժամանցային միջոցառումներ: Ցերեկային կենտրոնը գործում է անվճար: Այժմ կենտրոնն ունի 40 այցելու:

«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս