Բաժիններ՝

«Միանգամայն սպասելի էր, որ Հանրապետության հրապարակը պիտի հայտնվեր «վերակառուցման» այսօրինակ հրամայականի շեմին»

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի՝ Հանրապետության հրապարակը նորոգելու մրցույթի մասին հայտարարությանը:

«Հանրապետության հրապարակը օղակող կառուցապատման անթույլատրելի հարկայնությունն ընդամենը վկայում է, որ մեզ մոտ իրականում չի գործում նախագծերի պարտադիր և համակողմանի փորձաքննության կարգը:

Ըստ աշխարհի տարբեր երկրներում ընդունված կարգի, քաղաքների և խոշոր քաղաքաշինական միավորների արժեքավոր պատմական միջավայրում իրագործման ենթակա որևէ նախագիծ պետք է ունենա նաև «Լանդշաֆտային-տեսողական վերլուծություն» կոչվող հատուկ փորձագիտական մարմնի հանձնարարականը:

Դրա նպատակն է նախապես համոզվել, որ նորակառույցը չի խաթարելու արդեն գոյություն ունեցող ճարտարապետական միջավայրի ամբողջականությունը, մասշտաբը, ներդաշնակությունը և այլն: Նաև հատուկ ուշադրություն է հատկացվում, թե այս կամ այն նոր շենքը քաղաքի տարբեր կետերից ու փողոցներից ինչ չափով է երևալու, որ պահին է սկսելու երևալ, այդ ընթացքում ինչպես է պրոյեկտվելու և հարաբերվելու մյուս շենքերի հետ և, ի վերջո, ինչ սահմանափակումներ և հնարքներ պետք է կիրառել՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Այս ամենը չի արվել քաղաքի կենտրոնում կառուցված և կառուցվող որևէ նոր շենքի համար և միանգամայն սպասելի էր, որ Հանրապետության հրապարակը պիտի հայտնվեր «վերակառուցման» այսօրինակ հրամայականի շեմին:

Սակայն, կար նաև առավել կարճ ճանապարհ՝ Ճարտարապետական արվեստի տարրական օրենքների իմացությունն ու դրանց կիրառումը ճարտարապետական բարոյականության չգրված օրենքների համաձայն… Չկատարվեց… Չկատարեցին այդ շենքերի հեղինակ տասնյակ ճարտարապետներ, ովքեր այսօր էլ երևի հանգիստ զբոսնում են իրենց նորակառույցների մայթերով և ամենայն լրջությամբ մտածում են, որ ոչ թե իրենց նախագծած շենքերն են «վերակառուցման» ենթակա, այլ դրանց հետ արդեն «անհամահունչ» և «դոմինանտությունից զրկված» Հրապարակը…»,- գրում է Արտակ Ղուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս