Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, բայց վճռորոշը Փաշինյանի հաջորդ քայլ չէ

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կես տարուց ավել եկեղեցու դեմ տարվող բացահայտ արշավը Նիկոլ Փաշինյանը սկսեց կաթողիկոսի՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու մեղադրանքով և հասավ ԱԱԾ-ով պատարագ խմբագրելուն ու եկեղեցիներ գրավելուն։

Երբ կալանավորումներն ու շանտաժը չտվեցին ցանկալի արդյունքը, սկսեցին հայտնվել նոր «հիմնավորումներ»։ Չորեքշաբթի ԱԺ-ում վարչապետը հայտարարել է, թե կաթողիկոսը «պետք է գնա», որովհետև բազմաթիվ եկեղեցիներում երգչախումբ չկա, իսկ հինգշաբթի՝ որովհետև ԱՄՆ մեկնելիս ինքնաթիռում հոգևոր թեմաներից չի խոսել։

Մեղադրանքների այս «փնտրտուքն» ակնհայտ է դարձնում, որ վարչապետի՝ կաթողիկոսին փոխելու հակասահմանադրական միջամտության մոտիվն այլ է։

Օրերս Փաշինյանը նաև հայտարարեց, թե «իրեն պետք է կաթողիկոս, որը չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտների»։ Ապացույցներ չի ներկայացնում։ Ըստ նրա, եկեղեցու՝ դրսից կառավարվելն այնքան ակնհայտ է, որ ապացույցների կարիք չկա։

Եթե կաթողիկոսը գործակալ է, եկեղեցին էլ՝ դրսից կառավարվող, ի՞նչ կուսակրոնություն, ի՞նչ երգչախումբ, ի՞նչ հոգևոր թեմա, պետության պարտքն է գործակալներին բացահայտել և պատասխանատվության ենթարկել։ Մինչդեռ կալանավորված եկեղեցականներից ոչ մեկին օտարերկրյա գործակալ լինելու մեղադրանք ներկայացված չէ։ Կաթողիկոսի գործակալ լինելու հետ կապված քրեական վարույթ չկա, իսկ վարչապետի ասածներին որևէ գործողություն չի հետևում։ Կասկած չկա, որ եթե իշխանությունը գեթ մեկ փաստ ունենար, րոպե առաջ, խախտելով անմեղության կանխավարկածը, կբացահայտեր ու կտարփողեր՝ հակաեկեղեցական արշավում ստանալով զգալի աջակցություն։

Գործակալ լինելու մասին հայտարարությունները հիշեցնում են Ուկրաինայում և Մոլդովայում եկեղեցու դեմ արշավները։ Բայց թե՛ Ուկրաինայում, թե՛ Մոլդովայում եկեղեցին կառուցվածքային առումով ռուս ուղղափառ եկեղեցու մաս է(ր), ինչը կառավարություններին հնարավորություն տվեց խնդիրը ներկայացնել որպես ազգային անվտանգության հարց։ Հայ Առաքելական Եկեղեցին չունի «մայր» եկեղեցի, ուստի օտարերկյա ազդեցությանը ենթակայությունը շատ ավելի լուրջ հիմնավորումներ է պահանջում, ինչն իշխանությունը չի ներկայացնում:

Յոթամսյա պետական տեռորով Փաշինյանին հաջողվել է համահայկական կառույցից «պոկել» մի քանի սպասավորի, որոնք շրջիկ «պատարագչիների» խմբով տեղից տեղ են գնում՝ ԱԱԾ խմբագրած տեքստով վարչապետի «հոգևոր նորոգման» գործը գլուխ բերելու համար։ Ի դժբախտություն վարչապետի, հայկական եկեղեցին շատ ավելի կուռ կառույց է, քան ուկրաինական ու մոլդովական եկեղեցիները։

Պատարագից առաջ ՀՀ օրհներգը կատարելու և եկեղեցիներում ՀՀ դրոշը դնելու վարչապետի նորահայտ մտքերը ցայտնոտի են նմանվում. Գյումրիում եկեղեցականներից մինչև մոմավաճառ միասնականությունը հուշում է, որ իշխանությունը ստիպված է շտապել։

Կյանքը ցույց է տվել, որ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, անգամ բաներ, որ դուրս են մարդկային երևակայությունից։ Բայց վճռորոշը, մեծ հաշվով, ոչ թե Փաշինյանի հաջորդ քայլն է, այլ՝ հասարակության արձագանքը. կամ Հայաստանը վերականգնում է ինստիտուցիոնալ ինքնապահպանումը և Գյումրու օրինակով հակասահմանադրական այս ձեռնարկը մնում է Փաշինյանի կոկորդում, կամ «երկրով անցնող ասպատակը» տրորում է ամեն ինչ»։

Տեսանյութեր

Լրահոս