ԱԱԾ-ականները՝ Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցո՞ւմ․ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի թեման փակված չէ. Aravot.am
«Առավոտ»-ը գրում է. Դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Գյումրի այցելող Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների մասնակցությամբ այս քաղաքի Անի թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցում պատարագ մատուցելու թեման փակված չէ։
Չնայած տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ 2 տարի ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանի առաջնորդած Շիրակի թեմը միասնականորեն դեմ է կանգնել՝ խոչընդոտելով այն պատարագի մատուցումը, որտեղ չպիտի հնչեցվի Վեհափառի անունը, հենց նոր տեղեկություններ ստացանք, որ Անի թաղամասի եկեղեցի են այցելել ԱԱԾ-ականներ, որոնք հանդիպել են Տեր Ռուբենի հետ։
Թե ինչ են քննարկել, հայտնի չէ, սակայն ենթադրելի է, որ խոսվել է կիրակի օրը Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանի փոխարեն այնտեղ Տեր Ռուբենի կողմից պատարագ մատուցելու հնարավոր տարբերակների մասին։ Ըստ մեր աղբյուրների, Տեր Ռուբենը դեռ երեկ թեմի անդամներին խոստացել էր պատարագ մատուցելու ժամանակ չզեղչել Վեհափառի անունը, նա նույնը հրապարակավ կրկնեց այսօր իր հարցազրույցում՝ ասելով․ «Քանզի ինքը գործող Հայրապետն է, մեր ներկայիս գործող, օծված, ձեռնադրված, մենք իրավունք չունենք նրա անունը չտալու պատարագի ժամանակ, 132 Հայրապետերի նզովքը կիջնի մեր վրա»։
