Եմենի հարավի անջատողականները զավթել են իշխանության մարմինները երկրի արևելքում
Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերը, որոնք հանդես են գալիս հօգուտ անջատման, բանակային ստորաբաժանումների հետ բախումից հետո դեկտեմբերի 3-ին գրավել են նախագահական պալատը Սեյյուն քաղաքում։ Այսպիսով, ռազմական դիմակայությունն ընդգրկել է Եմենի արևելքում գտնվող նավթով հարուստ Հադրամաութի նահանգը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղական պաշտոնյաներից մեկը։
«Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերը վերահսկում են նախագահական պալատը Սեյյուն քաղաքում, ինչպես նաև մոտենում են Եմենի բանակի առաջին ռազմական շրջանի հրամանատարական շտաբին», – պարզաբանել է աղբյուրը։
Դեկտեմբերի 2-ին Հադրամաութի նահանգի իշխանության տեղական մարմնի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Եմենի հարավից ուղարկված անջատողականների օգնական ուժերը հետ են քաշվել Հադրամաութի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Սեյյունի ծայրամաս այն բանից հետո, երբ առաջին ռազմական շրջանի տանկերը նախազգուշական կրակոցներ են արձակել:
Շրջանի տարածքում նաև տեղակայված են Սաուդյան Արաբիայի զինվորականներ՝ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող կոալիցիայից։ Մինչև վերջերս Եմենի արևելքը մնում էր երկրի ամենահանգիստ մասը և չէր մասնակցում հյուսիսում իշխանությունը զավթած հութիների ու միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում կանգնած ուժերի միջև ավելի քան մեկ տասնամյակ տևած ռազմական հակամարտությանը։
