Բաժիններ՝

Իսրայելական հարձակումների հետևանքով Դամասկոսի շրջանում 13  մարդ է զոհվել

Իսրայելական ուժերի կողմից նոյեմբերի 28-ին Դամասկոսի շրջանի Բեյթ Ջին բնակավայրի թիրախավորման հետևանքով զոհվել է 13, վիրավորվել` 25 մարդ։

Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Հեռուստաալիքի լրագրողը հայտնել է, որ հրետակոծությունը տեղի է ունեցել բնակիչների և Բեյթ Ջին ներխուժած  իսրայելական ուժերի միջև բախումներից և երեք երիտասարդ տղամարդկանց ձերբակալությունից հետո։

Իսրայելական ագրեսիայի հետևանքով տեղի բնակիչները սկսել են գաղթել դեպի հարևան գյուղեր։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է, որ չի կարողացել մտնել Բեյթ Ջին՝ բնակավայրի մուտքերի մոտ իսրայելական ուժերի շարունակական թիրախավորման պատճառով։

Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 27-ին իսրայելական ուժերը հրետանային արկերով թիրախավորել են Կունեյտրայի և Դարաայի շրջանների մի քանի բնակավայրեր։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հավաքված հետախուզական տեղեկատվության հիման վրա ԻՊԲ զորքերը գործողություն են մեկնարկել «Ջամա Իսլամիյա» ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ անդամներին ձերբակալելու համար։

Հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները գործել են Սիրիայի հարավում գտնվող Բեյթ Ջինի շրջանում և ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Իսրայելի քաղաքացիների դեմ։

Գործողության ընթացքում իսրայելցի 6 զինվորական է վիրավորվել։

«Գործողությունն ավարտվել է, բոլոր կասկածյալները ձերբակալվել են, և որոշ ահաբեկիչներ վերացվել են», – նշված է հաղորդագրության մեջ։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս