Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպում է ունեցել ազատամարտիկների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Այս մասին ԳԱԼԱ լրագրողի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, ՊՆ կենտրոնական ապարատում երկար տարիներ աշխատած և համակարգից ինքնակամ դուրս եկած Վոլոդյա Ավետիսյանը:

«Ժամը 15:00-ին մենք հանդիպել ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է մեր կողմից կազմված վեց հոգանոց խումբը: Նախարարը մեզ շատ լավ, ջերմ ընդունել է»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը: Վերջինս փոխանցել է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Սեյրան Օհանյանի տեղակալները:

Ազատամարտիկները մեկ անգամ ևս քննարկել և ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: «Մենք նախարարին վեց կետից բաղկացած պահանջագիր ենք կազմել և ներկայացրել Սեյրան Օհանյանին: Ինքը խոստացել է, որ ամեն ինչով օգնելու է»,- նշել է ազատամարտիկը, չնայած, որ Վոլոդյա Ավետիսյանի գնահատմամբ՝ իրենց հուզող խնդիրները ավելի շատ ուղղված են ՀՀ կառավարությանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Վոլոդյա Ավետիսյանը նաև հայտնել է, որ Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ մինչև երեքշաբթի իրենց կպատասխանի: Մեր այն հարցին, թե ուժի մեջ է արդյոք ազատամարտիկների կողմից կազմակերպվելիք բողոքի ակցիան, Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ այդ մասին իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել և քննարկելու են առաջիկայում:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում ազատամարտիկները հերթական բողոքի ակցիան էին իրականացրել և որոշել, որ հաջորդ անգամ բողոքի ակցիան տեղափոխելու են կառավարության շենքի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս