Հարավաֆրիկյան Հանրապետությունը ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովի հրավեր չի ստանա. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) հրավիրված չէ G20-ի հաջորդ գագաթնաժողովին, որը կանցկացվի 2026 թ. դեկտեմբերին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։
«Անցած գագաթնաժողովի ավարտին ՀԱՀ-ի իշխանությունները հրաժարվեցին նախագահությունը ԱՄՆ-ի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցել փակման արարողության ժամանակ։ Ուստի իմ կարգադրությամբ ՀԱՀ-ը չի ստանա 2026 թ. G20 գագաթնաժողովի հրավեր, որն ընդունելու է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքը», -գրել է Թրամփը X սոցցանցում։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի ՀԱՀ-ի համար նախանշված բոլոր վճարումներն ու սուբսիդիաները։
Բացի այդ, Թրամփը վերստին հանդես է եկել այն պնդմամբ, որ ՀԱՀ-ում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, «սպիտակամորթներին սպանում են» և նրանց ֆերմաները խլում։ ՀԱՀ-ում հերքում են այդ մեղադրանքները։
Եթե ՀԱՀ-ն չմասնակցի ԱՄՆ-ի գագաթնաժողովին, ապա սա 20 տարվա ընթացքում առաջին դեպքը կդառնա, երբ երկրին բացառում են գագաթնաժողովին մասնակցելուց ընդունող կողմի ցանկությամբ:ԱՄՆ-ն բոյկոտել է ՀԱՀ-ում նոյեմբերի 22-23-ին կայացած 2025 թ. գագաթնաժողովը:

