Գործարար ու համատեղությամբ արդեն մշակութային գործիչ Կրիկոր Աժդերհանյանը՝ Հակոբյան-Փաշինյան զույգի սրտի հյուրն ու հյուրընկալը

Կառավարությունն օրերս հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կրիկոր Աժդերհանյանին։

Ի դեպ, Աժդերհանյանի ազգանունը պաշտոնական ռելիզում սխալով էր գրված՝ «Աժդերխանյան»։

Ինչևէ, ո՞վ է Կրիկոր Աժդերհանյանը․ նա ծնունդով Ստամբուլից է, երկար տարիներ է՝ ապրում է Նիցցայում։ Աժդերհանյանը անշարժ գույքի ոլորտում հմտացած գործարար է, որը, սակայն, հանկարծ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո սկսում է աչքի ընկնել մշակութային ակտիվությամբ՝ ակտիվ ու ջերմ շփումներ սկսելով ՀՀ իշխանությունների հետ։

Կարդացեք նաև

2022 թվականի հուլիսին 168am-ն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և Զարեհ Սինանյանի՝ Նիցցա այցին, որտեղ նրանց ընդունել էին Սամսոն Օզարարատը և Կրիկոր Աժդերհանյանը։

Նկատենք՝ Աննա Հակոբյանն անգամ ֆեյսբուքյան գրառմամբ և կից լուսանկարով իր երախտագիտությունն է հայտնել Սամսոն Օզարարատին և Գրիգոր Աժդերհանյանին՝ իրեն Նիցցա հրավիրելու և «չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար»։

Հավելենք՝ տարբեր շրջանակներ նշում են, որ Սամսոն Օզարարատը՝ Գրիգոր Աժդերհանյանի հետ, մեծ դերակատարում է ունեցել տարիներ առաջ Նիցցայի հայ համայնքում ներհամայնքային և հայկական եկեղեցու շուրջ հրահրված խժդժություններին: 

«Հենց նրանք են խնդիրներ առաջացնում Նիցցայի հայ համայնքում»,- ժամանակին գրել էր «Հրապարակը»:

Ծնունդով Քոնիայից Օզարարատը նաև հայտնի է 1990-ական թվականներից հայ-թուրքական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող և ըստ լրատվամիջոցների՝ մասոնական կառույցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաև զբաղեցրել է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը:

Նիցցայի մեր աղբյուրներն ասում են, որ իր «խաղաղասիրական ձգտումներով» Օզարարատից հետ չի մնում նաև Աժդերհանյանը։

Ի դեպ, Հայաստանում Աժդերհանյանի մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել այս տարվա մարտ ամսին դարձյալ Զարեհ Սինանյանի մասնակցությամբ ու էլի դարձյալ ինչ-որ մշակութային նախաձեռնության շրջանակում։

Ի դեպ, Սփյուռքում սեփական օջախներ ունենալու այս իշխանությունների ծրագիրը, որը գործի է դրել Զարեհ Սինանյանը, այսքան տարակուսելի չէր լինի, եթե Հայաստանի իշխանություններն այդքան ակտիվորեին չշրջանառեին խաղաղության օրակարգերը, եթե Սփյուռքում այդքան իրարամերժ չընկալվեր առհասարակ Զարեհ Սինանյանն ու նրա առաքելությունը։

Նիցցայի մեր աղբյուրներից մեկը, սակայն, ասում է՝ պետք չէ զարմանալ, քանի որ, իր կարծիքով՝ 2018 թվականի հայտնի իրադարձությունները գեներացնող լաբորատորիաներից մեկը հենց եղել է Նիցցայի այդ շրջանակը։ Ավելին, այստեղ նրանք հաճախ են տեսել, օրինակ, Նիկոլ Փաշինյանին սատելիտ այնպիսի գործիչների՝ ինչպիսիք են Հովհաննես Իգիթյանը, Էդուարդ Աղաջանյանը և այլք։

Ի դեպ, 2021թ մարտին Սամսոն Օզարարատը Երևանում էր եղել լրատվամիջոցները ֆիքսել էին Օզարարատի և նախկին ՀՀՇ-ական և այժմ՝ իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հանդիպումը։

Աժդարհանյանի մշակութային գործունեության մասին

Ինչպես արդեն նշեցինք՝ Աժդարհանյանը «L’Agence 107 Promenade» անշարժ գույքի գործակալության տերն է, ընտանեկան բիզնեսի հիմնադիր, բայց, օրինակ, այս տարի ընդամենը 1 ամիս ու կես առաջ՝ հոկտեմբերի 9-ին, նա հենց Հայաստանում՝ մայրաքաղաքի Տերյան 83 հասցեում, գրանցում է «Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդ» հկ-ն։ Եվ ահա այսպես՝ նաև ստանձնում մշակութային ինչ-ինչ առաքելություն։

Ի դեպ, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռ հոկտեմբերին էլ Զարեհ Սինանյանի գրասենյակի՝ «Հայ մշակութային գործիչներ» ծրագրի համար վարչապետի աշխատակազմն ավելի քան 52 միլիոն դրամ, 137 հազար դոլար էր հատկացրել:

Միջոցառումը կայանալու էր նոյեմբերի 20-21-ին և, ըստ պայմանագրի, նպաստելու է Հայաստան-Սփյուռք և միջազգային մշակութային համագործակցության կայուն զարգացմանը, և չի բացառվում, որ այդ մշակութային գործիչներից մեկն էլ Աժդերհանյանն է եղել։

Տեսանյութեր

Լրահոս