Նիկոլ Փաշինյանը և Զարեհ Սինանյանը հստակ պառակտում են Սփյուռքը, ազգային կառույցները. Հրաչ Վարժապետյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան թևի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ֆրանսահայ Հրաչ Վարժապետյանը, խոսեց նաև 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք խզման, ինչպես նաև  Նիկոլ Փաշինյանի և Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի ջանքերով Սփյուռքի պառակտման մասին:

2018թ․ այս մարդկանց՝ իշխանության գալուց հետո, առաջին բանը, որ արեցին, Սփյուռքի նախարարության փակումն էր, ինչը հստակ ահազանգ էր, որ նպատակ ունեն քանդել Սփյուռքը։ Նախկին իշխանությունների ժամանակ Սփյուռքի հետ հարցեր եղել են, տարաձայնություններ՝ նույնպես, բայց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում երբեք խզում չէր եղել, հակառակը, միշտ փորձել են լեզու գտնել ու առաջ գնալ, անգամ, երբ Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված՝ լուրջ տարաձայնություններ եղան։ Բայցև հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հիշեցնենք. 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին, որից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը. Այն ընթերցեց անձամբ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Սփյուռքահայ գործչի խոսքով՝ Հայաստանի նախկին 2 նախագահների օրոք ԱԳՆ խողովակներով Սփյուռքի հետ կոորդինացված աշխատանք էր տարվում՝ կապված ազգային հարցերի հետ։ 2018թ.-ի իշխանափոխությունից հետո բեկում եղավ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մեջ, և Սփյուռքի նախարարության փակմամբ ու հանձնակատարի նշանակմամբ պարզ դարձավ, որ Սփյուռքը բաժանելու խնդիր ունեն։

«Երբ ստեղծվեց իշխանության սրտի կազմակերպությունը Ֆրանսիայում (Ֆրանսիայի հայկական ընկերություն՝ «Collectif National Arménie-France» (CNAF)), որի կազմում է նաև ձեր նշած Սամսոն Օզարարատը, անմիջապես Շվեյցարիայի թուրքական համայնքից շնորհավորանք եկավ, որոնք ողջունում էին համայնքը պառակտող, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից առանձին հայկական համայնքային կազմակերպության ստեղծումը՝ հիացմունք հայտնելով, որ վերջապես CCAF-ի նացիոնալիստական գաղափարների վերջը կգա։

Սա պառակտող կազմակերպություն է, և երբ Զարեհ Սինանյանը գալիս է Ֆրանսիա և հայտարարում, որ հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի հետ, դա այս մարդիկ են։ Տեղեկություններ կան, որ այլ համայնքներում ևս ուզում են նման կազմակերպություններ անել, բայց առաջինը բացեցին Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիայի հայ համայնքը կուռ էր։ Ցեղասպանության մասին չբարձրաձայնելու, Հայաստանի վարած ապազգային քաղաքականության մասին ձայն չբարձրանալու համար այս իշխանություններին պետք էր պառակտել հայ համայնքը։ Հունվարին CCAF-ի (Coordination Council of Armenian organizations in France (CCAF)) նոր ընտրություններ են, և տեսնենք՝ հիմա ինչ են անելու»,- ասաց Հրաչ Վարժապետյանը:

Նա նաև նկատեց՝ ցավալի է, որ այդ նոր ստեղծված կազմակերպության մեջ կա կազմակերպություն, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկներից է եղել, և հիմա հետաքրքիր է, թե ինչպես են աշխատելու Ցեղասպանությունն ուրացող իշխանության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Լրահոս